Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կէթաս,— ասում ա,— մի քանի ամսվա ճամփի թադարեք կտենաս, որ էգուց պտի էթամ Երուսաղեմ ուխտ։

— Աչքիս վրեն, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա նոքարը։

Էթում ա, ինչ որ ճամփի հմար պետքն էր՝ հաց-մաց, աման֊չաման, ես ինչ գիտամ, չադիր, մախլաս՝ ինչ որ պետքն էր, բերում ա կապոտում, հազիր անում։ Էդ գշեր քնում են, հեգսի օրը, բարըլսի հեննա բեզրգյանը, ինքը, իրա կնիկը վեր են կենում ընկնում ճամփա։

Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, գշերը մի տեղ վեր են գալի, չադիր տալի, որ մի քիլ հաց-մաց ուտեն, դինջանան, կենան ընչանք լիսանա, էլի վե կենան էթան իրանց ճամփեն։ Լիսը բացվում ա թե չէ նոքարը վեր ա կենում, տենում իրա կնիկը չկա։ Դե՛ս կնիկ, դե՛ն կնիկ, ման ա գալի՝ չի գտնում։ Գալիս ա բեզրգյանին իմաց տալի։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում ա,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան. էս գշեր էկել են կնկանս փախցրե, տարե. իզին տո՛ւ էթամ աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ բալի գտնեմ, բերեմ։

— Դո՛ւ գիտաս,— ասում ա բեզրգյանը,— էթում ես՝ գնա՛, մեղքն ու վարձքը քու շլինքը, համա ասսու կշտին շարթ ըլնի, թե ե՛ս թեզ գնացի Երուսաղեմ էկա՝ ե՛ս իմ չադիրը ըստե վե տամ, կենամ ընչանք գաս, թե դո՛ւ ինձանից թեզ էկար՝ դո՛ւ կենաս, ընչանք իմ գալը: Լա՞վ։

— Լա՛վ,— ասում ա,— բեզրգյա՛նը սաղ ըլնի։

— Դե հմի մուրախաս ես, գնա՛․ աստոծ քեզ բարի ճամփա տա, բարո՛վ էթաս, բարո՛վ գաս։

Տղեն ասպարավորվեց, նի էլավ ձին, բեզրգյանի հեննա մնաս բարով արեց, մի ճամփա բռնեց՝ գնաց։ Գնաց, գնաց, շա՛տ գնաց, քի՛չ գնաց, տեհավ էդ ճամփի վրեն ձիու ոնների տեղեր ա մալում անում։

— Էրևում ա,— ասեց,— ըստիան ձիավոր ա անց կացե։

Էդ իղը բռնեց՝ գնաց. ասեց. «Տենամ ո՞րդի ա կտրվում»։ Գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էկավ հասավ մի չադիր։ Էն սհաթը ձիուցը վեր էկավ, ձին չադրի դռանը կապեց, մտավ չադիրը, տեհավ մի մարդ ընդե նստած։