Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ածում պղինձը, լավ-լազաթին խաշում, հանում dնում մտքափոխ կնկա աղաքը։

Էդ կնիկը հո՛, ուրախությունից չէր իմանում ի՛նչ անի. նստում ա կուշտ ու կուռ ուտում, կշտանում, էն դիհը կաննում: Էս բանը էդ կնկանից ու հարսից սավայի մարդ չի իմանում։

Անց ա կենում մի վախտ. էդ հարսի կեսուրն ու կեսառը միտք են անում էթան Երուսաղեմ ուխտ: Ճամփի թադարեք են տենում, օրեն մի օրը էն գլխեն վե կենում, ընկնում ճամփա։ Հարսին ու տղին էլ թամբահ են անում, որ տանը մուղաթ կենան, ընչանք իրանց գալը:

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մի վախտ վարավուրդ են անում, տենում ի՜նչ՝ իրանց հարսը հրեն աղաքներին մեն-մենակ էթում ա: Մնում են մարդ ու կնիկ իրար էրեսի մտիկ անելոն։

— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— մեր հարսը ըստերանք ի՞նչ ա շինում․ չըլինի՞ սա էլ ա էթում Երուսաղեմ ուխտ։

— Բալի յանղլիշ ենք,— ասում ա կնիկը,— ա՛րի մի քիչ եգին-եգին էթանք, բալքի հասնենք, տենանք դրուստ մեր հարսն ա, թե չէ։

Մարդ ու կնիկ հարսի եննուցը կրընկնում են, ինչքամ ջաննեբումը ջան կար վազում են։ Վազում են մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, ի՛նչ անում են, չեն անում՝ չեն կարում հասնի:

Գա՛լիս են գալի, հասնում են Երուսաղեմ։ Ըտե մի օթախ են քրեհում, որ մի քանի վախտ կենան, ուխտներն անեն, պրծնեն, էլի վե կենան գան իրանց երկիրը։ Ոնց որ ադաթ էր, որ ուխտավորը տեղ հասներ թե չէ՝ պտի էթար ժամ համբուրի, սրանք էլ օթախը քրեհում, տեղավորվում են թե չէ՝ վեր են կենում գալի Երուսաղեմա ժամը։ Մննում են ժամ, տենում էնքա՜մ խալխ ա լքցվե, էնքա՜մ խալխ ա լքցվե, որ ասեղ քցելու տեղ չկա։ Ժամի միջին մի տեղ կաննում են, էրեսները խաչըհանում, ծունդր դնում, ասսուն աղոթք անում։ Մարդ ու կնիկ մի վախտ աչքները դես-դեն են ման ածում, տենան ո՛վ կա, ո՛վ չկա ժամումը, մի զաֆիլ տենում են ի՜նչ՝ իրանց հարսը հրեն բեմի կշտին կաննած։

Մարդը կնկանը թաքուն բզում ա.— Ա՛յ կնիկ,— ասում ա,— տենում ես մեր հարսը հմի էլ ո՚րդե ա էկե։

— Հա՛,— ասում ա կնիկը,— տենում եմ։ Մարդ իմանա ո՞ւմ հեննա ա էկե։