Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ձեն-ծպտոն չեն հանում, կենում են ընչանք ժամը դուս ա գալի, իրանը աղաք-աղաք էթում են դռան կշտին կաննում, բուսուն քաշում, որ հարսը դուս գա թե չէ՝ բռնեն։ Լա՛վ։ Կենում են մի սհաթ, էրկու սհաթ, ժամը դուս ա գալի, խալխը քոմմա քաշվում են, իրանց հարսը չկա ու չկա։

Փոր-փոշման թողում են գալի իրանը օթախը։ Հեգսի օրը էլի վեր են կենում, գալի ժամ։ Պատարագը որ կաննում ա, մարդ ու կնիկ աչք են ածում, տենում իրանը հարսը էլի էկել ա հրեն բեմի աղաքին կաննե, աղոթք ա անում։ Ժամը որ դուս ա գալի, մարդ ու կնիկ էլի դուս են գալի դռանը կաննում, հարսի ճամփեն պահում։ Մտիկ են անում, մտիկ՝ տենում են խալխը բիրադի քաշվեցին, էլի իրանց հարսը չկա։ Էլի փոր ու փոշման թողում են գալի իրանց օթախը:

Մարդ ու կնիկ մի քանի վախտ ըտե կենում են, իրանց ուխտն անում, մատաղ անում, աղքատներին բաժանում, էթում քաղաքի լավ-լավ տեղարենքը ման գալի, թամաշ անում, նոր վե կենում, ճամփա ընկնում դպա իրանց երկիրը։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա[1], վերջը[2] հասնում են իրանց երկիրը։ Վռազ-վռազ էթում են տուն, ասում են՝ տենանք մեր հարսն է՞կել ա, թե չէ։ Որ գալիս են տենում հարսը ընդե, մնում են արմացած, թե էս ե՞բ էկավ տեղ հասավ, որ իրանք ճամփին չտեհան։

— Ա՛րի մի դրան թաքուն հարցնեմ,— ասում ա կեսուրը,— տենամ ի՛նչ կասի։

Հարսի կռնիցը բռնում ա, ղրաղ քաշում։

— Ա՛ղջի— ասում ա,— մի բան եմ ուզում հարցնի, դրուստը կասե՞ս, թե չէ։

— Ա՛սա,— ասում ա հարսը,— կասեմ, խի՛ չեմ ասի։

— Դու ա՛րի դրուստն ա՛սա. էն ո՞ւմ հեննա իր գնացե Երուսաղեմ։

— Ա՛յ նանի, — ասում ա հարսը,— ա՛ստոծ, ե՛րկինք, գե՛տինք, ծո՛վ, ցա՛մաք, ձեր գնալու օրից ընչանք հմի ոտս մեր շեմքիցը դուս չեմ դրե։ Ըտ էլ դեն կենա,— ասում ա,— առանց իմ մարդի ո՞նց տեղ կէթամ։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ «մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի մի ամիս», որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում չի եղել, ավելացված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):