Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորի աղջիկը տղին տենալու բաշտան ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— էս նա ա, ո՛ր նա»: Համա ճանանչություն չի տալի. ասում ա. «Տենամ սրա վերջն ինչ ա ըլնում»: Տղեն հո, ո՛ր ասես, չի ճանանչում կնկանը․ հենց իմանում ա, ղորթմանց փոնչի ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբարն ո՞ւմից տանք՝ սրանց երկրի թագավորիցն ու նրա սառաֆից։

Խաբարը որ բերին թագավորին, թե. «Աղջկանդ փախցրին, տարա՜ն», էն սհաթը թագավորը ձիավորներ ղրկեց քամակներիցը, որ էթան կալնեն, բերեն։ Համա ընչանք գնալները, նրանք իրանց մանղղիլը կտրել ին։ Ձիավորները դափ֊դարտակ ետ դառան, էկան։ Եննա թագավորը թազադան մարդիկ ղրկեց, իրա երկրումն էլ տեղ չթողացին՝ ման էկան, սա՛ր, քար, քո՛լ ոտատակ տվին, էլ մարդ չթողացին՝ հարցրին, աղջկանը չգտան ո՛ր չգտան։

Ըսե՛նց էլ թագավորի սառաֆը. խեղճը մեռավ ման գալոն, չարչարվելոն, դե՛ս, դե՛ն ընկնելոն, սրա՛ն, նրա՛ն հարցնելոն՝ ո՛նչ տղա գտավ, ո՛նչ զադ․ էն կորչիլն էլ որ կորավ՝ ո՚նչ իզն էրևաց, ո՚նչ թոզը։

Անցկացավ ըսենց մի տարի, էրկու տարի, իրեք տարի, մախլասի՝ հինգ տարի, թագավորը, որ շատ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, էլ տեղ չթողաց ման էկավ, աղջկանը չկարաց գտնի, օրեն մի օրը կանչեց իրա սառաֆին։

— Ա՛ղպեր,— ասաց,— ըսե՛նց բան չիլնի, իմ աղջիկն ա ոտով-գլխով կորե, քու էլ՝ տղեն, կա չկա, ըստե մի բան կա։ Ա՛րի,— ասեց,— էրկսով էլ շորներս փոխենք, աղքատի գեյմ մննենք, էթանք աշխարե-աշխար, երկրե֊երկիր ման գանք, բա՛լի գտնենք, բերենք։

— Լա՛վ ես ասում, թագա՛վորն ապրած կենա,— ասեց սառաֆը, է՛թանք:

Թագավորն ու սառաֆը խոսքները մին արին, աղքատի շորեր հագան, մի քանի տարվա ճամփի պաշար վե կալան, ընկան ճամփա։ Դե՛ն ՛գնացին, գե՛ս գնացին, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, է՛ս գեղը, է՛ն գեղը, էլ տեղ չթողացին՝ տակն ու վրա արին, չգտան:

Վերջն ասեցին. «Էթանք Ստամբոլա շհարը, մի՛ ընդե սալըզ առնենք, տենանք»։