Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անումը Գյուլի[1] ա ըլնում, ասում ա.— Նո՜ր ք․․․ Գյուլի հոր կոտին։

Թագավորը բուռը բաց ա անում, ասում ա.— Դու ի՞նչ իմացար, թե իմ բռինը գյուլ էր։

Տղեն ասում ա.— Իմաստուն ի, իմացա:

— Որ ըտքան իմաստուն ես, ամսականդ շինեցի եռեսուն ոսկի։

Արանքը անց ա կենում մի տասն օր, թագավորի խազինեն օխտը հոգի կտրում են, ամեն մեկը մի ջվալ ոսկի են տանում։

Թագավորը կանչում ա էս իմաստուն վեզրին, ասում ա.— Խազինես կտրել են, օխտը ջվալ ոսկի են տարե, յա՛ պըտի գտնես, յա՛ գլուխդ կկտրեմ։

Ասեց.— Քառասուն օր ժամանակ տո՛ւ, գտնեմ։

Ասեց.— Լա՛վ, քառասուն օր քեզ ժամանակ։

Տղեն գլխին տալով էկավ տուն, ասեց.— Կնի՛կ, գլուխս կերար, թագավորի խազինեն կտրել են. ասում ա. «Յա՚ պտի գտնես․ յա՛ գլուխդ կկտրեմ»։ Ես ո՞րդիան գտնեմ։ Թեղ հաց շինա ուտեմ. մի քիչ քնեմ, վեր կենամ, գլուխս առնեմ, փախնեմ։

Կնիկը վե կացավ, օխտը ձու խաշեց, բերեց դրեց մարդի առաջը։ Հենց Էդ վախտն էլ թագավորի խազինի գողերը, օխտը հոգի, իմացելին, որ թագավորը թամբահ էր արե էս վեզրին՝ գտնելու, էկել ին կտուրը, որ անկաջ անեն, տենան իրանց անումը տալի՞ս ա։

Օխտը հոգուց վեցը նստել ին ղրաղ, մեկն էկել էր հերդկի կուշտը, պըպըզել էր. տեհավ՝ ձեն-ձուն չկա, վե կացավ, որ էթա, էդ վախտը իմաստուն վեզիրը ձվի մեկը կերավ, ասեց. «Էս մեկը գնա՛ց։ Էս էլ մի բան չի»։

Գողը լսեց, զարմացավ, գնաց հընկերներին ասեց, թե.— Վեզիրն իմացավ։

Էն մեկել հընկերը վե կացավ էկավ։

Էլի վեզիրը մի ձու կերավ, ասեց.— Էս էլ էրկուսը գնա՛ց, էս էլ մի բան չէր։

Էդ գողը գնաց հընկորտանցը պատմեց, թե.— Դրուստ որ իմաստուն մարդ ա, իմացավ իմ էթալը։

Ըտենց օխտն էլ էկան, գնացին՝ տեհան, որ իմաստունը իմացավ նրանց գալն ու էթալը։

  1. Վարդ (Ծ. Բ.):