Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս ասում ա թե չէ, էրեսը խաչակնքում ա, ձիու գլուխը բաց թողում, տալիս սնուռն անց կենում։ Էթում ա, ի՜նչ ա տենում՝ լավ–լավ չայիր-չիման կանանչ տեղեր, որ վրեն նստիլ, մի կտոր հաց ուտիլը հենց ինչ ասես աժի. լավ-լավ անմահական աղբրներ, որ հարիր տարեկան ծերը ընդիանց ջուր խմեր՝ կջահելանար, կդառնար տասնըհինգ տարեկան տղա. հազար մի ռանգ ծաղկներ, որ նրանց անուշ ֆոտը չէր դիպնում մարդի քթի՝ հենց իմանում էր դրախտումն ա. ղշերն էլ հո հալ ու հեսաբ չկար. ամեն դհից ո՛ր չին խոսում, ծըլվըլում՝ մարդի քեֆ ին բերում։ Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ, տղեն ըստերանք ո՛ր չի տենում՝ բերանը մնում ա բաց։

«Օխա՛յ,— ասում ա,— ֆոգիս փառավորեց. էսթավուր դրախտում կենողն էլ յարաբ դա՞րդ կանի։ Լա՜վ, բա էն աղջիկը խի՞ չէր թողում գամ ըստերանք. հալբաթ ըստե մի բան կա, էթամ տենամ»։

Ձին քշում ա մի քիչ դես ման գալի, դեն ման գալի, ըստե էթում, ընդե էթում, իրա հմար ավ անում, մի քանի ղուշ վե քցում, հավեսը հանում, հենց էն ա ուզում էր էլի եդ դառնա գա իրանց սնուռը, թուրը էն սհաթը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը։

«Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— բաս պտի դուշման դա աղաքս. ես վախտով իմ գլխի ճարը տենամ»։

Թուրը վեր ա ունում, հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։ Կենում ա կենում, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, տենում ա, ըհը՜, հրեն ընդիան մի կոլոտիկ, կարճ մարդ դուս էկավ։

— Հո՛ղածին,— գոռաց,— դո՞ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս իմ ահիցը սիրտ չի արե ըստերանք ոտ կոխի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե. ո՛նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։

— Լա՛վ,— ասեց տղեն,— էլ խի՞ ես ղուդուղանում. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի ինձ։ Ուզո՞ւմ ես արի կռվենք, տենանք որս ա ղոչաղ, ե՞ս, թե դու։ Ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— արի՛:

Էս ասում են թե չէ, հասնում են իրար։

— Յա՛ սուրբ Կարապետ,— ձեն ա տալի տղեն, թուրը վրա բերում:

Վրա բերելու բաշտան որ չի դիպնում նրա ջանին՝ հազար տեղան կրակ ու բոց ա դուս գալի, քիչ ա մնում տղին էրի, փոթոթի,