Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դանակս ընկել ա մեջը,— ասում ա,— ման եմ գալի, բալի գտնեմ:

— Է՛հ, ֆո՛ղը հալիդ,— ասում ա չոբանը,— էս թամամ էրկու տարի ա՝ իմ եքա սուրու ոչխարը կորել ա էս ձմերկի միջին, մեռա ման գալոն, չեմ կարում գտնի, դու հմի դանակդ ես ուզում գտնի:

Էդ խոսքը դանակ կորցնողի սրտին կպնում ա, վրա ա հասնում նրան, որ ծեծի, սա՝ նրան, նա՝ սրան, սա՝ նրան, նա՝ սրան, ըստե էնքամ իրար տալիս են, որ ձմերուկը ժաժ ա գալի, ղազի միջքիցը գըրըմփալեն վեր ընկնում գետինը, միջիցն էլ մի ալափստրակ ա դուս գալի, փախնում։ Փախնելու վախտը էդ ալափստրակի պոչի տակիցը մի թղթի կտոր ա վեր ընկնում։

Հոտաղները էդ թղթի կտորը վեր են ունում, տանում գեղը, տերտերին տալի, որ կարդա: Տերտերը բաց ա անում, կարդում, տենում գրած ա. «Սո՛ւտ, սո՛ւտ, սո՛ւտ», յանի թե էս ղազի հեքաթը քոմմա սուտ ա։