Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էդ Ավչին ասում ա.— Է՛թամ տենամ՝ կորեկը հա՞սել ա, թե չէ:

Մանգաղը վեր ա ունում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էն գեղի ղրաղը։ Տենում ա՝ է՛, կորեկը հասել ա, հնձելու էլ լա՛վ վախտն ա: Մանգաղը քցում ա, որ հնձի, բիրդան կորկի միջիցը մի վիրունի խոզ ա դուս պրծնում, փախնում։ Մանգաղը եննուցը ո՛ր վրա չի անում, մանգաղը էթում ա խրվում խոզի կողքը։ Էդ խոզը մանգաղը փորին վազ ա տալի արտի միջովը. մի դհիցը վազում ա, մի դհիցն էլ արտը հնձում։ Ըսենց վազ տալոն կորեկը սաղ հնձում ա, պրծնում, գլուխ առնում, փախնում։ Եննա էդ Ավչին կամաց-կամաց հնձածը հավաքում ա։ Հավաքում ա, հավաքում, որ տենում ա պրծնելու ճար չկա, կորկի շատ փայը թողում ա առանց հավաքիլ. էթում ա սելեր քրեհում, հավաքածը բարձում՝ յա՜լլա դպա իրանց գեղը։

Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը։ Սելերը քշիլ ա տալի դո՜ւզ իրանց կալերը։ Ըտե սելերը դարտկիլ ա տալի, դեղեր դնիլ տալի, թողում։ Եննա հոտաղներ ա բռնում, էդ կորեկը շաղ են տալի, փռում կալի միջին, կամերը լծում, քշում։ Քշում են, քշում են, քշում են՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, չի պրծնում։ Մի քանի դեղ ընենց թողում ա, կալսած կորեկը կրիլ ա տալի տուն․ է՛լ ամբար, էլ ֆոր, է՛լ ծակ ու ծուկ չի մնում՝ լցնիլ ա տալի, չի հատնում։

— Ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ,— ասում ա,— մնացածը ո՛րդե լցնեմ։

Միտք ա անում, միտք ա անում, վերջը մի լու ա բռնում, մորթում, կաշին քերթում, տիկ հանիլ տալի, մնացած կորեկն էլ բերում ա էդ տկի մեջն ածում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը մի ձիավոր ա անցկենալիս ըլնում էդ Ավչու տան կշտովը։ Էդ ձիու նալը մի քարի ա դիպնում, ընենց մի կրակ ա դուս գալի, ընենց մի կրակ ա դուս գալի, որ էդ Ավչու դեղերը սաղ կպնում ա, էրվում. տո՛ւն, տե՛ղ, գո՛մ, մա՛րաք, մախլաս՝ ի՛նչ ուներ, չուներ էրվում ա, քուլ դառնում։

Կրակը որ հանդարտում ա պրծնում, էդ Ավչին ասում ա.

— Է՛թամ տենամ՝ ըսկի ի՛նչ ա մնացե, ի՛նչ չի մնացե։