Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քուլ շինի։ Խեղճը մնում ա շիվարած։ «Էս ի՜նչ թավուր իսան ա,— ասում ա ինքն իրան,— որ ջանիցը կրակ ա դուս գալի․ կաց մի հետ էլ տամ, տենամ»։

Թուրը քաշում ա, մին էլ ա տալի, տենում ա էլի կրակ դուս էկավ։ Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, քսա՛ն, մախլա՛ս՝ քանի տվեց, կրակ դուս էկավ նրանից։

Վերջը էն կարճլիկ մարդը տեհավ, որ շատ ա չարչարվում, ասեց.— Տղա՛, բո՛լ չի տաս, խի ես ղուր տեղը չարչարվում. յարաբ գի՞տաս ե՛ս ով եմ։

— Ո՞վ ես,— հարցրեր։

— Ե՞ս, ըհը՜, ես Ջան–Փոլատն եմ,― ասեց,— որ արար աշխարքը իմ ձեռիցը ղվիր ա էկե։ Ըսկի բա չե՞ս լսե անումս։ Ընչանք օրս դեռ ադամաորդի սիրտ չի արե իմ սնուռը ոտ կոխի, քեզանից սավայի, որ գլխիցդ ձեռ ես վե կալե, էկե ինձ կերակուր։ Իմ ջանը որ կա, սաղ փոլատից ա, թուր, թվանք, յարաղ-ասպաբ, որ ասես, քյար չի անի․ հո տված, չտված՝ մին ա։

Տղեն էս որ լսեց, վախլութլունից քիչ մնաց լեղին պատռի։ Ճարը կտրած, նո՛ր օձի նման լիզու հանեց, ընկավ աղաչանք, պաղատանք։

― Ամա՜ն, գիտաս,— ասեց,— Ջա՛ն-Փոլատ, քու ոտն եմ ընկե․ մեղք եմ, ջահել-ջիվան եմ, թող էթամ իմ արևի ձենն ածեմ։

— Լա՛վ, որ թողամ, դո՞ւ ինձ ինչ լավություն կանե՛ս։

— Սրտիդ ինչ մուրազ ունես,— ասեց,— ասա՛, էթամ, գլուխս մահի տամ, կատարեմ․ սրանից էլ լավ բա՞ն։

— Է՜, տղա՛, սաղ աշխարքը որ իմ ձեռին դողում ա՝ ըսկի ես չկարացի սրտիս մուրազը կատարի, դո՞ւ պտի կարենաս, թուհո՜ւ։

— Հա՛, ես կարամ, կարացի՝ կարացի, չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։

― Լա՛վ, կասեմ։ Պտի էթաս Չինումաչինա քաղաքի թագավորի աղջիկը բերես, կա՞րաս։

— Կա՛րամ. չկարացի՝ արինս քեզ հալալ։

— Լա՛վ, գնա՛,— ասեց Ջան-Փոլատը,— էդ աղջիկը բերիր՝ հո մուրախաս ես, կթողամ կէթաս, թե չէ հո՝ իմաց կաց քեզ էլ պրծնում չկա։ Ղա՞բուլ ես։