Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չրաղն ասեց․— Ըսենց մի բազրգյան ա էկել, գշերը քու ծոցին քնել ա, պատկերդ քաշել ա, տարել տվե Սումբաթին։

Թե.— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։

Աղջիկը մտածեց, թե էրևում ա էն պառավի արածը կըլնի, չունի բազրգյանը էկավ, ես ծեծել տվի, դուս արի, ինձ չտեհավ, էլ իմ պատկերը ո՞նց պտի քաշեր։

Ասեց.— Ի՞նչ տեղ ա աղեդ։

Ասեց.— Ֆլա՛ն տեղը նոքար ա։

Ասեց.— Ընդիան ո՞ւր պտի էթային:

Ասեց.— Պտի էթային Թեհրան։

Ասեց.— Մի ընենց ճամփա գիտա՞ս, որ մենք մի էրկու օր առաջ էթանք ընտեղ։

Ասեց․— Էրկու օր չէ, իրեք օր առաջ տանեմ քեզ ընտեղ։

— Դե՛,— ասեց,— ա՛ռ քեզ փող, գնա էրկու հատ լավ ձի ա՛ռ․ էրկու ձեռք էլ ասպար ա՛ռ, մի ձեռք թագավորական թամուզ շոր ա՛ռ, մի ձեռք էլ վեզրի շոր ա՛ռ, բե՛։

Չրաղը գնաց քոմմա առավ, բերեց։ Աղջիկը շորերը փոխեց, թագավորական շորերը հագավ, ասպարը կապեց, ձին նիլլավ գնաց։

Չրաղն էլ վեզրի շորերը հագավ, ասպարը կապեց, ձին նիլլավ ընկավ ետևը։

Գնացին, մի տասն օրից եդը հասան Թեհրան քաղաքի ղրաղը, իմաց տվին թագավորին, թե Ինգլիզի թագավորի տղեն գալիս ա քեզ տեսություն։

Թագավորը զորք ա ղրկում առաջը, պատվով վեր ա ունում բերում ա։ Եբոր իրար տենում են, բարևում են, թագավորն ասում ա.— Խե՛ր ըլնի քու գալը։

Աղջիկն ասում ա.— Խե՛ր ա, էկել եմ մի տաս-տասնէրկու օր ման գամ քու քաղաքը, թողամ, էթամ։

Էգսի օրը բազրգյանները էկան հասան քաղաքի ղրաղը, խաբար բերեցին թագավորին, թե մի բազրգյան ա էկել, ութսուն բեռ ունի, ութսուն էլ նոքար։

Էդ աղջիկը թագավորին խնդրվում ա, թե մի իրեք օր քու թագավորությունդ ինձ տո՛ւ, ես թագավորություն անեմ, դու էլ կշտիս նստի, սեյր արա։

Ասում ա.— Իրեք օր չէ, իրեք շաբաթ իրավունք ունես։