Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնիկն ասում ա.— Ա՛յ աստված, դուս չեմ կարա գա, նեքսև չեմ կարա գա, ո՞նց պահեմ իմ էրեխեքը։

Էրեխանց սովածությունը որ շատ ախտում ա, սկսում են լաց ըլնիլ, թե՝ «Սոված մեռանք, մեզ հա՛ց»:

Մերը, իլլաջը կտրվում ա, բերում ա օջախը վառում, պղինձը ջուր ա լցնում, դնում օջաղի վրա, քարերը քցում ա մեջն ու սկսում ա խառնիլը։

Էրեխեքն ասում են.— Սոված մեռա՜նք, թե էփեց, տո՛ւ, ուտենք։

Մերն ասում ա.— Լա՛վ, հլա չի էփե, համբերե՛ք։

Շատ ասելուց եդը մերը խաբում ա ըդոնց, քնելու վախտը գալիս ա՝ քնում են։ Էգսի օրն էլ ըտենց ա անում, խաբում ա, քնացնում։ Երեք օր ըտենց անց ա կենում։ Երեք օրից եդը տերը հրեշտակին ղրկում ա աղքատի գեյմով, որ գա էդ կնկա հավատարմությունը փորձի։

Հրեշտակը գալիս ա աղքատի գեյմով կես գշերին դուռը ծեծում ա։

Կնիկն ասում ա.— Ո՞վ ես։

Ասում ա.— Ղարիբ մարդ եմ, մի տեղ տո՛ւ, էս գշեր գամ քնեմ։

Կնիկը նեքսևիցն ասում ա.— Չիլնի՛, ես մենակ օղլուշաղ եմ, չիլնի, որ մարդ գա իմ մոտը։

Ասում ա.— Ա՛սսու սիրու խաթեր, բաց արա դուռը, գամ էն դռան տակին վեր ընկնեմ քնեմ, լիսը բացվի, էթամ։

Կնիկն ասում ա.— Ա՛նկարելի բան ա։

Մարդն ասում ա,— Ինչ որ ուզես կտամ, թաքիլան դուռը բաց արա։

Կնիկն ասում ա.— Իմ քաշովը մին ոսկի էլ տաս, դուռը բաց չե՛մ անի։

Հրեշտակը թողում ա էթում։ Իրեք օր իրար վրա գալիս ա, կնիկը դուռը բաց չի անում։ Էթում ա հրեշտակը՝ տիրոջը հայտնում ա էդ կնկա պնդությունը։ Տերը հրամայում ա, որ ինչքան քնի՝ մի քիսա ոսկի գլխատակին ըլնի։

Քնում ա էդ կնիկը իրիկունը, առավոտը վեր ա կենում, բարձր վեր ա ունում, տենում ա, որ մի քիսիկ բան բարձի տակին դրած ա, ասում ա.— Ա՛ստված, էս քիսեն ո՞վ բերեց դրեց իմ գլխատակը։

Վեր ա ունում քիսիկը, բաց անում բերանը, տենում ա, որ լիքը ոսկի, ասում ա.— Փա՛ռք քեզ, ա՛ստված, իմ էրեխանց ռուղզեն հասցրիր։