Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավացավ յարեն, գնաց էն քոլիցը քաղեց, տարավ դրեց էդ կնկա պնչին, կնիկը փռշտաց, վե կացավ նստեց։ Թամաշ արեց է՛ս դիհը, է՛ն դիհը, տեհավ, որ մոտին բազրկյանը կաննած ա, չարսափը էլի քաշեց իրա գլխին:

Բազրկյանն ասեց.— Դրուստ որ հում կաթնակերին էյթիբար չկա. ես ըսքան չարչարվեցի, ազատեցի քեզ, հմի դու ինձանից էրեսդ պահում ես։

Կնիկն ասեց.— Դու բազրկյան ես, համբերություն ունեցի, ըսքան վախտ ա ըստեղ սոված, ծարավ վեր ընկած եմ, էթանք չադիրդ, մի քիչ հաց տո՛ւ ուտեմ, կշտանամ, էն վախտը դու իմն ես, ես քունն եմ։

Բազրկյանը վե կացավ, կնիկն Էլ հետը՝ գնացին․ ճամփին բազրկյանը ուզեցավ ձեռը քցի ճտովը, թշերը պաչի, կնիկն ասեց.— Ամո՛թ ա, համբերի։

Գնացին չադիրը, հաց բերին, հաց կերան, պրծան, բազրկյանը կնկանն ասեց.— Դե՛,— ասեց,— ես քունն եմ, դու իմն ես։

Կնիկն ասեց.— Համբերի՛, մի դուս գամ դրսև, նոր գամ, զաթի ես քունն եմ, դու իմն ես։

Կնիկը դուս էկավ դրսև, չարսափը վե կալավ քցեց մի վարդի թփի վրա, ինքը փախավ։

Բազրկյանը շատ թամաշ արեց, տեսավ կնիկը չէկավ, դուս էկավ դրսև, տեհավ, որ չարսափը քցած ա ընտեղ, գնաց չարսափը քաշեց, ասեց.— Վե՛ կաց էթանք։

Տեհավ, որ կնիկ չկա։ Եդ դառավ փոր ու փոշման էկավ չադիրը։ Նոքարներին կանչեց, ասեց.— Էս էլած չէլածը ձեզ փեշքաշ, ես էթում եմ։

Ասեց.— Աշխարքը քանի շեն ա, ես պտի ման գամ էդ կնկա եննուցը։

Ասեց, գնաց։

Գանք, կնկանիցը սալըղ տանք։

Կնիկը գնաց հասավ մի չոբանի, ասեց.— Բարո՛վ քեզ, չոբան աղպեր։ Ինձ մի կտոր հաց տո՛ւ ուտեմ, սոված եմ։

Չոբանը հանեց պարկիցը հաց դրեց, մի ոչխար կթեց, դրեց կնկա աղաքը։ Չոբանը սկսեց էդ կնկա հետ հանաք անիլ։

Կնիկն ասեց.— Հաց ուտեմ, պրծնեմ, զաթի ես քեզ հմար եմ էկե ըստեղ, դու իմն ես, ես քունն եմ։