Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մնացել էր խեղճը գլխի վրեն մոլորած, չէր իմանում ինչ անի․ մեկ էլ[1] աղունկի բմբուլը միտն ընկավ․

«Սրանից էլ նե՞ղ տեղ,— ասեց,— արի՛ մի փորձեմ էս բմբուլը կրակ տամ, տենամ․ բալի հավարիս հասնում ա»։

Էն սհաթը հանում ա կրակ տալի։ Կենում ա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տենում ա էկավ, աղո՜ւնիկ էկավ, աղո՜ւնիկ էկավ, աղո՜ւնիկ էկավ, ոնց որ մի սելավ․ սաղ կորկի արտը աղունկով լցվեց, որ քցեիր՝ գետինը չէր ընկնի՝ էնքամ լցվել էր։ Է՜, էսքամ աղունկին էլ կո՞րեկ կդիմանար։ Կես սհաթումը քոմմա հավաքեցին, ղրաղին կիտեցին, էլ եդ թռան, գնացին, Տղեն ուրախացավ, աշխարով մին էլավ։

«Ջա՜՛ն,— ասեց,— էս հետ էլ պրծա, հմի որ թագավորի աղջիկը տարա»։

Իրիկունը նոքարներն էկան տենան տղեն ինչ հալի ա, հավաքե՞լ ա, թե չէ։ Տեհան քոմմա հավաքել, է՜, եքա ամբար ա արե, արտի կողքին կիտե։ Խաբարը տարան թագավորին։

— Թագավորն ապրած կենա,— ասեցին,— էն տղեն իրեք օրավար կորեկը քոմմա հավաքել ա, պրծե․ որ ասես մի հատ էլ չի թողե։

— Գնացե՛ք, կանչեք գա,— ասեց։

Գնացին կանչեցին, բերին։

— Տղա՛,— ասեց թագավորը,— դու իմ ուզած իրեք բանն էլ արիր․ հմի էլ խոսք չունեմ, աղջիկս քեզ մորդ կաթի նման հալալ ա, տա՛ր։ Համա մի բան էլ որ ասեմ, անկաջ կա՞նես,— հարցրեց։

— Ասա՛, թագա՛վորն ապրած կենա, խելքս կկտրի, անկաջ կանեմ, թե չէ՛, հո չէ։

— Տղա՛,— ասեց,— ես քեզ շատ սիրեցի, ուզում եմ որ ըստիան էլ չէթաս․ չե՞ս գա քեզ ինձ տղա շինեմ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, չեմ կարա, ես դեռ հլա մուրազ ունեմ, պտի էթամ։

Շատ զոռեց որ կենա, տղեն չկացավ, ասեց․— Պտի էթամ, որ պտի էթամ։

— Լա՛վ, որ մուրազ ունես, գնա՛, աստոծ քեզ հետ։

  1. Տպագիր տեքստում՝ ղաֆիլ տեղը, ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։