Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ֆլա՛ն բէզրգյանի տունը վօ՞րն ա,— ասում ա։

— Հրէս է՛ս ա,— ասում էն։

Տղէն էթում ա դուռը ծէծում, բէզրգյանի կնիկը դուս ա գալի, տէնում՝ մի ջա՜հել, սի՜րուն, բօ՜յօվ-բուսա՜թօվ տղա հրէն ընդէ կաննած։ Կնիկը տղին տէնալու բաշտան՝ խէլքամաղ ա ըլնում, մնում։

— Ո՞ւմ էս ուզում,— հարցնում ա կնիկը:

— Ֆլա՛ն բէզրգյանի տունն է՞ս ա,— հարցնում ա։

— Հա՛, է՛ս ա,— ասում ա կնիկը։— Խի՞ վօր։

Տղէն նշանաբանը ծօցիցը հա՛նում ա, տալի կնկանը ու մին-մին ասում, թէ ինքն օ՛վ ա, յա ի՛նչ բանի հմար ա էկէ։ Կնիկը վօր իմանում ա՝ բանը ընչումն ա, տղին արախ-արախ կա՛նչում ա, տանում տուն։

— Ա՛յ դու բարօ՜վ, հազ՜ար բարին էս էկէ,— ասում ա կնիկը.— ամէն ճամփէդ սա՛լամաթ. վօ՞նց էս, լա՞վ էս։ Ախար յէս մէռա քու ճամփէն պահէլօն. խի՞ էսքամ յէդացար։

Տղէն մնում ա սառած՝ մտիկ անէլօն կնկա էրէսին:

«Ախպէր,— ասում ա ինքն իրան,— յէ՛ս սվ, էս կնի՛կն օվ, վօր էսքամ հարց ու փօրց ա անում, էսքամ ուզում, խնդում, ծիծաղում, ուրախանում, աշխարօվ մին ըլնում»։

Ղօ՛րթ ա, կնկա միտքը ծուռն էր, համա խէղճ տղէն միա՛միտ, սիրտը դուզ, նրան ընէ՛նց էր մտիկ տալի, վօնց վօր իրա հալալ քվօրը։

Կնիկը տէհավ, վօր չէ՛, սա իրա ասածը չի, էլ ձէն-ծպտօն չհանէց, հէննէն ինադ ընկավ. «Թո՛ղ մի մարթս գա,— ասէց ինքն իրան,— էն վախտը յէ՛ս գիտամ՝ դո՛ւ»։ Գնաց դուքանի բալանիքը բէրէց, տղին. տղէն տարավ դուքանը բա՛ց արէց, պուճախէ-պուճախ լավ, սիրուն ջրջրհա՛նէց, սրփօ՛տէց, հա՛զիր արէց։

Անցկացավ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րէք օր, բէզրգյանն է՛կավ, տէհավ՝ դուքանը սիրուն ջրջրհա՛նած, ա՛վլած, ամէն բան իրա տէ՛ղը, սա՛րքին, կա՛րքին՝ ուրախացավ, աշխարօվ մին էլավ, վօր էս թավուր ղօչաղ տղա՛ ա ընկէ ձէռը։ Բէրէցին էրկսով բէռնէրը քանդօտէցին, ապրանքը լքցրին դո՛ւքանը, է՛, վօնց վօր կա՛րքն էր՝ դարսօտէցին, իրանց առուտուրին, իրանց բանին կացան։ Անցկացավ մի վախտ՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րէք ամիս, օրէն մի օրը բէզըրգյանի կնիկը կպավ մարթի յախէն։

— Ա՛յ մարթ,— ասէց,— քէզ մի սըռ պտի ասէմ: