Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերեց աղջկա հեննա լավ բաժինք դրեց, լավ մալ ու դոլվաթով, լավ-լավ փեշքաշներռվ ճամփու գրեց։

— Գնացե՛ք, ո՛րդիք,— ասեց,— աստոծ էրկսիդ մի բարձի ծերացնի, ծլե՚ք, ծա՛ղկեք, ճղքճղքնոտեք․ առջնեկներդ տղա ըլնի։

Խեղճ թագավորը հենց գիտար աղջկանը իրա հմար ա տանում․ չէր գիտա, որ Ջան-Փոլատի հմար ա։

Տղա, աղջիկ գնացին թագավորի ձեռը պաչեցին, էկան բեռները բարձեցին, ընկան ճամփա։

Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, գշերը մի տեղ վեր էկան, չադիր տվին, կացան։ Մի քիչ հաց-մաց կերան, բերին տեղները քցեցին, որ քնեն։ Տղեն էն սհաթը թուրը հանեց, դրեց արանքները։

— Էլ թո՞ւրն ինչ ա,— հարցրեր աղջիկը,— չէ՞ մենք մարդ ու կնիկ ենք։

— Չէ՛,— ասեց,— մենք մարդ ու կնիկ չենք, քիր-աղպեր ենք։

— Ո՞նց թե քիր-աղպեր․ բա ես քու կնիկը չե՞մ։

— Չէ՛։

— Բա ո՞ւմ։

— Ջան-Փոլատի։ Քեզ նրա հմար եմ տանում։

— Պա՜հ քու տունը հրեղեն սուր մննի,— ասեց աղջիկը,— ինձ տանում ես էն արենխում ջանավարի ձեռը քցես, ֆողեց-ֆոգի կորցնե՞ս։

— Չէ՛, թագավորի աղջիկ, դարդ մի անի․ մի գլուխ ունեմ՝ քեզ ղուրբան կանեմ, Ջան-Փոլատի ձեռիցը կպրծացնեմ․ համա հմի որ խոսք եմ տվե, չեմ կարա, պտի տանեմ։

— Դու քու աստոծը,— ասեց աղջիկը,— ես որ ոտով-գլխով քունն եմ, ի՛նչ կուզես, արա՛։

— Մի՛ վախի,— ասեց,— խոսքը խոսք ա։

Առավոտը որ լիսը բացվեց, ըստիան վե կացան, չադիրը հավաքեցին, էլ եդ գնացին իրանց ճամփեն։ Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, գշեր-ցերեկ գնացին, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս՝ հասան Ջան-Փոլատի ամարաթը։ Ջան-Փոլատը հեռվանց աղջկանը որ տեհավ՝ ուրախացավ, աշխարով մին էլավ։ Վազեվազ էկավ աղաքները։

— Ա՛ֆարիմ, տղա,— ասեց,— Չինումաչինա թագավորի աղջիկը որ բերիր, հմի մուրախաս ես․ գնա՛ արևիդ ձենն ածա։