Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՄԱՀԱԿԱՆ ԽՆՁՈՐ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։