Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը շատ տխրեց ըստեղ. լաց էլավ։ Կանչեց վեզրին, ասեց.— Մեր հալը ի՞նչ պտի ըլնի։

Վեզիրն ասեց.– Ո՛չ սուր կբանի դրա վրին, ո՛չ թուր. լավ ա մի տղեդ տաս՝ քսան իննը ազատես։

Թագավորը շատ լաց էլավ, տեհավ իլլաճ չկա. պուճուր տղին տվեց, Վիշապը վե կալավ, գնաց։

Վիշապը տղին տարավ մի ջոկ օթախի մեջ վե դրեց։ Իրեք օրից եդը Վիշապը գնաց օթախի դուռը բաց արեց, մտավ նեքսև։

Ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։

Տղեն ասեց.— Ես հո բռնավոր չեմ, բերել քցել եք ըստեղ, ես թագավորի տղա եմ, լավ կերել եմ, լավ խմել եմ, ազատ ման եմ էկե։

Վիշապը հարցրեց.— Անումդ ի՞նչ ա։

Ասեց.— Մարտիրոս ա։

Ասեց.— Էգուց պտի քեզ ղրկեմ Սպահան։

Տղեն էլի լաց էլավ, ասեց.— Ես ճամփա չեմ գիտա, ո՞նց էթամ։

Ասեց.— Քեզ մի իմաստուն ձի կտամ, ձին նի՛լ, գնա՛։

Տղեն ասեց.— Ինչի՞ հմար էթամ։

Ասեց.— Պտի էթաս Զարգյարի կնկանը բերես։

Ասեց.— Ո՞նց բերեմ, Զարգյարի կնիկն ա ու չէկա՞վ։

— Ինչքա՛ն փող ուզում ես՝ կտամ, փողի ղոռը քցա, վե կալ բե՛ր:

Էն էգսի օրը տղեն վե կացավ, ծախսի փողը վե կալավ, ձին նիլլավ, որ էթար, ասեց.— Բա որ ընտեղ փողս հատնի, ի՞նչ անեմ:

Ասեց.— Եբոր իրիկունը տանից դուս գաս, ձեռով անես, ձեն տաս. «Վիշա՛պ», ես հազիր եմ ընտեղ, ինչ ուզես՝ կբերեմ։

Տղեն ընկավ ճամփա, գնաց։ Համարյա հինգ օրվա ճամփեն մեկ օրը գնաց։ Եբոր տեհավ շատ ա հեռացել, ասեց.— Վիշապը էլ ինձ չի գտնի, հազիր լավ ա, էթամ հորս տունը։

Ճամփեն ծռեց, որ էթար՝ Վիշապն էկավ ազաբը փակեց, ասեց.— Ո՞ւր ես էթում։

Ասեց.— Դու ո՞րդիան էկար ինձ հասար, ես միտքս փոխել ի, պտի էթայի մեր տուն։

Ասեց.— Զուր ա, հինգ ամսվա ճամփա էլ որ էթաս, ինչ որ մտքովդ անց կենա, ես քու մոտին եմ, չես կարա փախնի ինձանից։