Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն էլի տխրվեց, մտածեց, տեհավ որ իլլաջ չիլնի աղատվելու, եդ դառավ, Սպահանի ճամփեն բռնեց ու գնաց։

Շատ գնաց, քիչ գնաց, աստված գիտա, գնաց հասավ Սպահան քաղաքը։ Գնաց, մի դուռ ծեծեց, մի պառավ կնիկ դուս էկավ:

Ասեց.— Բարո՛վ, նա՜նի, մի տեղ տաս, մի քանի օր մնամ։

Ասեց.— Քու լայաղին տեղ չկա։

Հանեց մի բուռ ոսկի տվեց, ասեց.— Կկառավորվենք, մի տեղ արա։

Պառավը վե կացավ, կուժ ու բժութ ջարդեց, դուս ածեց, ձին քաշեց նեքսև, ասեց.— Քեզ էլ ղուրբան, քու ձիուն էլ ղուրբան, էս սհաթին էթամ բազար, ինչ հարկավոր ա բերեմ։

Իրիկունը տղեն դուս էկավ, տեհավ մի ընե՛նց լիս ա ընկել քաղաքի վրին, որ վառվում ա, ասեց.— Ա՛յ նանի, հլա դուս արի, էս ի՞նչ լիս ա։

Պառավը դուս էկավ, ասեց.— Էս Զարգյարի կնիկն ա, գլուխը փանջարիցը հանել ա, շաֆաղը տվել ա քաղաքը։

Տղեն ասեց.— Նանի՜, Զարգյարի կնիկն ըդքան սիրուն ա՞։

— Հա՛, ղադեդ առնեմ, ընքան սիրուն ա, որ Զարգյարը վախենալուցը քառասուն օթախից նեքսև ա դրել, քառասուն դուռը վրին փակել, մի-մին բաց ա անում, նեքսև ա մտնում։

Առավոտը տղեն վե կացավ, գնաց Զարգջարին գտավ, բարով տվեց, բարովն առավ, ասեց.— Ուստա՛, մի բան եմ շինիլ տալի, կարա՞ս շինի։

Ասեց.— Ի՛նչ լիզուդ պըտըտի՝ կարամ։

Ասեց.— Մի ջուխտ մաշիկ ա պետք, խալիս ոսկուց, կարա՞ս շինի։

Ասեց. — Մի խուրջին ոսկի բերես, հինգ հարուր մանեթ էլ ձեռնամուղդ[1] տաս, խի՞ չեմ շինի։

Ասեց.— Քանի՞ օրումը կարաս հազրի:

Ասեց.— Էրկու օրումը կհազրեմ։

Տղեն թողաց գնաց պառավի տունը. մնաց ընչանք իրիկուն, իրիկունը որ ճրագները կպավ, քնելու հանդամ[2] տղեն դուս էկավ, ձեն տվեց.— Վի՜շապ, Վի՜շապ, Վի՜շապ։

  1. Աշխատանքի վարձ (Ծ․ Բ․)։
  2. ժամանակ (Ծ․ Բ․)։