Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էգսի օրը տղեն էլի վե կացավ, էկավ Զարգյարի դուքանը ասեց.― Ուստա՛, մի լավ աբա պտի կտրես ոսկուց, որ գին չունենա։

Ասեց.— Ա՛չքիս վրա՝ իրեք խուրջին ոսկի բեր, հազար հինգ հարուր մանեթ էլ շինելու փող տու, չորս օրից եդը արի, տա՛ր։

Տղեն վե կացավ գնաց, իրիկունը էլի կանչեց Վիշապին։ Վիշապը ծոր տալով, ծոր տալով էկավ։

― Հը՛,― ասեց,— ի՞նչ ես ուզում։

Ասեց.— Իրեք խուրջին ոսկի։

Ասեց.— Առավոտը հազիր կըլնի։

Տղեն եդ դառավ, էկավ քնեց։ Առավոտը վե կացավ, տեհավ գլխավիրևն ա, գնաց իրեք համբալ կանչեց, տվեց շլակները, տարավ Զարգյարի դուքանը։ Հանեց ամեն մի համբալին իրեք ոսկի տվեց։

Զարգյարը նախանձեց.— Էս ի՞նչ բան ա,— ասեց,— ամեքին մի-մի շահի տո՛ւր, ընչի՞ հմար ես իրեք-իրեք ոսկի տալի։

Ասեց.— Քյասիբ են։

Տղեն թողաց, գնաց։

Չորս օրից եդը տղեն էկավ Զարգյարի դուքանը, ասեց.― Ուստա՛, հազիր ա՞։

Ասեց.— Հա՛զիր ա։

Բերեց, տղեն հագավ, դուքանի մեջը ման էկավ։ Հանեց, ասեց.— Ուստա՛, ա՛րի դու հագի, ես տենամ։

Ուստեն հագավ։

Տղեն ասեց.— Շա՛տ հարմար ա քեզ, քե՛զ փեշքաշ ա։

Ասեց.— Ախար քեզ հմար ի կարե, էդ խի՞ ես քեզ հմար կարել տալի, փեշքաշ անում ինձ։

Տղեն ասեց.— Ոչինչ, քեզ ավելի հարմար ա գալի։

Տղեն վե կացավ գնալու, ասեց.— Մնա՛ս բարին։

Ասեց.— Էթա՛ս բարին, — էս անգամ էլ չկանչեց։

Զարգյարը ընչանք իրիկուն բանում ա, իրիկունը ոսկի աբեն դնում ա աղլխի մեջը, տանում ա տուն. բաց ա անում, շանց ա տալի կնկանը։

Կնիկը որ տենում ա՝ զարմանում ա, ասում ա.— Էս ի՛նչ սիրուն բան ա, էլի էն թագավորի տղեն տվե՞ց։

— Հա ,— ասեց։