Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ասեց.— Բախտավոր ինձ, ե՞բ եմ տանից դուս էկե, որ ըսօր դուս գամ, էթում ես՝ գնա՛։

Վե կացավ գնաց։ Գնաց, տեհավ կնիկն էլի ընտեղ նստած ա։ Նոր վե կացան, թադարեք քաշեցին, գնացին դպա ժամը։ Գնաց, պսակվեց, եդ դառան էկան տուն։ Էկան, լավ կերան, խմեցին, լավ քեֆ արին։

Լիսը բացվեց, Զարգյարը վե կացավ, գնաց իրանց տուն. գնաց, տեհավ, որ կնիկը անուշ քնած ա։

Ձեն տվեց, ասեց.— Վե՛ր, թագավորի տղեն էթում ա, էթանք ճամփու դնենք։

Ասեց.— Էթում ես, դո՛ւ գնա, ես չեմ գա, ես ըսքան վախտ տանից դուս չեմ էկե, ո՞ւր պտի էթամ։

Զարգյարը վե կացավ, գնաց։ Գնաց, տեհավ որ իրա կնիկն էլի ըտե նստած ա։

Թագավորի տղեն նիլլավ իրա ձին, Զարգյարն ու թազա հարսը նստեցին փայտոն, պառավին «մնաս բարով» արին, գնացին։

Գնացին, քաղաքից դուս եկան, թագավորի տղեն ասեց.— Դե՛, Զարգյար, դու եդ դա՛ռ, շատ շնորհակալ եմ։

Թազա հարսը Զարգյարի հետ «մնաս բարով» արեց, նիլլավ իրա մարդի թարքը, քշեցին, գնացին:

Զարգյարը եդ դառավ, էկավ հասավ իրա տունը, քառասուն դուռը բաց արեց, մտավ կնկա օթախը, տեհավ, որ կնիկը չկա։ Հասկացավ, որ էն իրա կնիկն էր, թագավորի տղեն տարավ։ Վազեց, նիլլավ կտուրը, որ տենա թե տղեն հեռո՞ւ ա, թե մոտիկ ա։ Տեհավ որ շատ հեռու ա, սրտի հերսիցը իրան քցեց կտրիցը՝ մեռավ։

Թագավորի տղեն վե կալավ կնկանը, գնաց դպա Վիշապը։ Շատ գնաց, քիչ գնաց, հասավ Վիշապի տեղը, տեհավ Վիշապը դուս էկավ, ասեց.— Գալըդ բա՛րին, բերի՞ր։

Ասեց.— Բերի՛։

— Ե՞ս եմ սիրուն, թե Զարգյարի կնիկը,— ասեց Վիշապը։

Ասեց.— Դու օձ ես, ո՞րդիան սիրուն ըլնես, Զարգյարի կնիկը մի հուրի-փարի ա։

Վիշապը մտավ նեքսև, իրա օձի շապիքը թողաց, մի աղջկա շորեր հագավ, դուս էկավ, ասեց.— Թագավորի տղա, ե՞ս եմ սիրուն, թե Զարգյարի կնիկը: