― Բա՛ որ իմ հերը ինձ սըպանի։
Ասեց.― Չի՛ սըպանի․ դու մինուճար տղա ես։
Տղեն գնաց, բալանիքը վե կալավ։ Էկավ, դուռը բաց արեց, ջանավարն ասեց.― Թե որ քու հերը քեզ նեղացնի, ա՛րի ինձ գտի, ես մեշի մեջը, աղբրի կշտին կըլնեմ։
Ասեց ու փախավ գնաց։
Թագավորը որ իմացավ տղեն ջանավարին բրախել ա, ասեց.— Գլուխը կտրե՛ք։
Նազիր-վեզիրը խնդրեցին, թե.— Դո՛ւ ես, մինուճար մի տղա, մի ջանավարի հըմար խի՞ ես սըպանում, տանից դուս ա՛րա, թո՛ղ էթա։
Թագավորը կանչեց վեզրի տղին, հանեց մի բոլ փող տվեց ճամփի ծախս, ասեց.— Ա՛ռ, էս տղին հետդ տա՛ր, կսըպանես՝ դո՛ւ գիտաս, սաղ կթողաս՝ դու գիտաս, էլ իմ երկիրը ոտ չպըտի դնի։
Վեզրի տղեն թագավորի տղի հետ վե կացան գնացին։
Շատ գնացին, քիչ գնացին, հասան մեշեն. ըստեղ վեզրի տղեն ասեց.— Պտի սըպանեմ ըստեղ։
Թագավորի տղեն շատ լաց էլավ, մուննաթ արեց, որ չսըպանի։
Վեզրի տղեն ասեց.— Կռիդ բազմանդը ո՛ր տաս ինձ՝ չեմ սըպանի:
Ասեց.— Ա՛ռ բազմանդը, չեմ ուզում, քե՛զ ըլնի։
Եբոր վեզրի տղեն բազմանդը առավ, ասեց.— Ըսօրվանից թագավորի տղեն ես եմ, դու իմ գյադեն ես։
— Գյադեդ եմ, գյադեդ եմ, ճա՜րս ինչ։
Ըտեղ ձառի տակին վեզրի տղեն քնեց։ Թագավորի տղեն գնաց ման գալու։ Ման գալով, ման գալով գնաց աղբրի կուշտը, տեհավ ջանավարը ըտեղ նստած ա։ Լաց էլավ, իրա գլխի էկածը պատմեց ջանավարին։
Ջանավարն ասեց.― Բա՛ն չկա, ես քեզ ընենց կանեմ, որ դու շատ լավ կապրես։ Գնա էդ աղբրի ջրիցը խմա։
Տղեն գնաց խմեց։
— Էդ ծառը մի թափ տո՛ւ,— ասեց ջանավարը։
Տղեն թափ տվեց, քոքըհան էլավ։
Ասեց.— Գնա՛, մեկ էլ ջուր խմա։
Խմեց, էկավ։