Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն վե կացավ, դուռը բաց արեց, տեհավ էլի թագավորի աղջիկն ա, ասեց.— Ի՞նչ ա։

Ասեց.— Հաց եմ բերե, դուռը բաց արա՛, իրար հետ ուտենք։

Հացն առավ ձեռիցը, իրան բրթեց, դուռը շինեց։

Աղջիկը վեր ընկավ, վե կացավ, լաց ըլնելով գնաց։

Էգսի օրը էլի վե կացավ, էկավ բալկոնի ճաղերին՝ թըրը՜խկ, թըրը՜խկ, տվեց։

— Ի՞նչ ա, ա՛յ մարդ։

— Մի շահի տվե՛ք, էթամ պոպոք առնեմ։

Մի շահին տվին, գնաց։ Իրիկունը ո՛ր ետ դառավ, տեհավ սաղ քաղաքը սուգ ա անում։

Հարցրեց.— Էս ի՞նչ ա պատահե։

Ասեցին.— Դևերն էկել են, ուզում են թագավոր մենծ աղջկանը տանեն, թագավորը ղորթը հավաքում ա, էթա կռիվ անի։

Տղեն խոզերն արեց նեքսև, տեհավ թագավորի պուճուր աղջիկը էկավ մտավ նեքսև, շատ լաց էլավ։

Տղեն ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։

Ասեց.— Ջանս դուս գա՛, քվորս տանում են դևերը։

— Բա դու խի՞ էս էկե հմի։

— Էկել եմ քեզ խնդրվեմ, որ իմ քվորը էթաս ազատես։

— Ես,— ասեց,— խոզարած մարդ եմ, ես անջախ էդ խոզերը պահեմ, խի՞ չես էթում ձեր փեսին խնդրում, թագավորի տղա ա։

Ասեց.— Նրա բանը չի՛։ Էդ դագանակը որ քու ձեռին ա, դու ամեն բան կարաս անի։

Խոզարածը բրթեց աղջկանը, թե.— Գնա՛, գնա՛, գլուխս մի՛ տանի։

Աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը վե կացավ, դագանակը դրեց ուսին, գնաց բալկոնը թըրը՜խկ, թըրը՜խկ։

Ընդրանք լալիս են, մղկըտում, թե. «Դևերն էկե՜լ են, ի՜նչ պտի անեն», սա թե. «Իմ շահին տվե՛ք, ես վռազ եմ, խոզերը մնացին տանը»։

Մի շահի տվեցին, գնաց պոպոք առավ, խոզերը վե կալավ գնաց։ Տարավ խոզերը հանդումը բրախեց, ծոցիցը Սև դևի ձիանոնց մազերը հանեց, կրակեց, տեհավ դևի ձին, տասը ձիավորի՛ հետ էկան։ Դևի ձիու վրի շորերը վե կալավ հագավ, նիլլավ ձին, քշեցին։