Տղեն զարթնեց, տեհավ Կարմիր դևը գլխավիրևը կաննած ա։
― Ի՛նչ ես ախմախի պես էկե գլխավիրևիս կաննել, չե՞ս թողում քնեմ, դինջանամ։
Դևն ասեց.— Մենծ թիքեդ անկաջդ կթողամ, ի՜նչքան ինձ վնաս ես տվել, հմի էլ բերան ունես ըտենց խոսալու։ Ղուշն իրա թևովը, օձն իրա պորտովը չէր սիրտ արե գալ ըստեղ, դու ո՞նց ես էկե, հլա բարկանում էլ էս վրի՞ս։ Ատամներս եռ ու քոր ա գալի, քու մենծ թիքեն կթողամ անկաջդ։
Տղեն դագանակն առավ ու վե կացավ կաննեց, դևին ասեց.— Նոբաթը քո՛ւնն ա, կռվա՛։
Դևը մի գուրզ քցեց դրան, թոզ ու դումանը վե կացավ, տղեն միջին չէրևաց։
Դևն ասեց.— Ափսո՜ս, մի կտոր էլ ա չմնաց, ուտեի։
Եբոր թոզը սկսեց բարակիլը, տղեն ասեց.— Նոբաթն ի՛մն ա։— Տարավ բերեց դագանակը ո՛ր չտվեց շլնքաքոքին, գլուխը պոկվեց ու գնաց․ գնաց, դիպավ Մասսա սարին, Մասիսը տեղիցը ժաժ էկավ։
Տղեն վե կացավ էդ դևի ամարաթի մեջ ման էկավ, տեհավ մի օթախ, տասը ձիավոր միջին հազիր կաննած։
Ասեց.— Ի՞նչ մարդ եք։
Ասեցին.— Բռնավոր ենք, Կարմիր դևն ա բերե․ մեզ բաց թո՛ղ, մենք քու հավարին կհասնենք։
Տղեն գնաց Կարմիր դևի Կարմիր ձին էլ բերեց, մի թամուզ կարմիր շոր վրեն կապեց, էդ ձիանըքոնց պոչերիցը քաշեց, բիրադնին բրախեց։ Եդ դառավ, խոզերը վե կալավ, էկավ տուն։
Էկավ տեհավ սաղ քաղաքը քեֆի մեջ ա, ուրախություն էն անում։
Խոզերը տարավ տուն, թագավորի պուճուր աղջիկն էկավ կուշտը, ասեց.— Վե՛, է՛թանք իմ օթախը, միջնեկ քվորս նշանդրեքն ա, սաղ քաղաքը ուտում, խմում ա, ի՜նչ ա, դու ըստեղ վեր էս ընկե։
Տղեն ասեց.— Գնա՛, գնա՛, ես ձեր լայաղին մարդ չեմ, ես մի խոզարած եմ։
Ասեց.― Ես քեզ սիրում եմ, դու ինձ հմար թագավոր ես:
Գնա՛, գնա՛, ես չե՛մ գա,— ասեց տղեն,— աղջկանը բրթեց, դուռը շինեց։