Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջիկը գնաց մի լավ խռնչա շինեց, բերեց տղին, ինքը դուռը բաց արեց ու մտավ նեքսև։

Ասեց.— Հաց եմ բերե, վե կա՛ց, իրար հետ ուտենք։

Տղեն խռնչեն առավ ձեռիցը, աղջկանը բրթեց, թե.— Էս քու տեղը չի՛, դու գնա՛։

Առավոտը վե կացավ, էլի թըրը՜խկ, թըրը՜խկ.— Իմ շահին տվե՛ք, պոպոք առնեմ,— ասեց։

Պոպոքն առավ գնաց։ Իրիկունը էկավ, տեհավ որ սաղ քաղաքը էլի սուգ ա անում։

Հարցրեց, թե.— Էս ի՞նչ խաբար ա։

Ասեցին.— Առավոտը դևերը պտի գան, որ թագավորի միջնեկ աղջկանը տանեն։

Խոզերը բերեց տուն. թագավորի պուճուր աղջիկը լաց ըլնելով էկավ մտավ նեքսև, ասեց.— Վերև աստված, ներքև դու, ես գիտամ, որ իմ մենծ քվորը դու ազատեցիր, իմ միջնեկ քվորն էլ ազատա՛։

Ասեց.— Գնա՛, գնա՛, ձեր թագավորի տղին, վեզրի տղին ասա՛, էթան ազատեն, ես մի խոզարած եմ, ես ի՞նչ կարամ անի։

Ասեց.— Չէ՛, նրանց բանը չի՛, ազատես՝ դո՛ւ կազատես։

Տղեն վե կացավ, կռնիցը բռնեց, քցեց դուռը, աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը վե կացավ, խոզերը վե կալավ գնաց հանդը, մազերը կրակին տվեց, Կարմիր դևի ձին, մեկ էլ քսան ձիավորն էկան: Հագավ կարմիր շորերը, նիլլավ ձին ու քշեց գնաց։

Թագավորը մտիկ տվեց տեհավ, որ մի թոզ ա բանձրացել, ասեց.— Աչքներդ լի՛ս, հրես գալիս են, մեզ կազատեն։

Եբոր մոտացան, թագավորի ձեռ ու ոտը ուրախությունիցն իրար խառնվեց։— Տղե՛ք, ճամփա՛ տվեք։

Կրակի պես քշելով էկան անց կացան, ընկան դևերի վրեն, ջարդ ու խուրդ արեցին:

Բիրադնին ջարդեցին, մնաց մի հոգի, տղեն բռնեց, անկաջները կտրեց, ասեց.— Դե գնա՛, խաբար տա՛ր։

Ձիավորները եդ դառան, թագավորը ձեն տվեց ղոշընին.– Բռնե՜ք, հա, բռնե՜ք, ընդրանց փեշքաշ տա՛նք։

Ընդրանք ձիանիքը չափարխանի քշեցին գնացին։