Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպարանը հանում է դրականութիւնը մայր երկրից և տանում է իր հետ զանազան տեղեր, ուր կան հայ գաղթականութիւններ և ուր երկար կամ կարճ միջոցով վառվում է գրական լոյսը:

XVII դարի ընթացքում էլ՝ փոխվում է հայերէն գրքի ճակատագիրը․ նա դուրս է գալիս եկեղեցական պահանջների նեղ շրջանից, փորձում է աշխարհական ուղղութիւն, նոյն իսկ աշխարհիկ լեզու ընդունել: Այդ նոր հանգամանքները զարգանում են յետագայ երկու դարերի ընթացքում և մեր գրականութիւնը ստանում է նոր ընթացք։

Բացատրել վերակենդանութեան այդ բոլոր նշանները միայն պատահական երևույթներով, անհատների ջանքերով, ի հարկէ, չէ կարելի։ Ինքը կեանքն էլ առաջ մղող հանգամանքներ էր ստանում։ Հայ ազգը, իբրև Արևելքի մահմեդական լուծի տակ ճնշված մի քրիստոնեայ ժողովուրդ, պիտի ենթարկվէր նոր, անծանօթ հոսանքներին, որոնք ծնվում էին քաղաքական հանգամանքներից։ Ծագում էր ազատութեան արշալույսը, որ պիտի թարմացնէր ստրուկ ժողովուրդների արիւնը, ջարդէր ստրկական յուսահատ գաղափարները, ներշնչէր այնպիսի հասկացողութիւններ, որոնք բարձրացնում են հոգին, աւելի գործունեայ են դարձնում նրան, ստեղծագործական կրակ են հաղորդում նրան։ Գրականութիւնը, իբրև ժողովրդի հոգու ու մտքի արտադրութիւն, թարմանում է, կենսունակ է դառնում այն ժամանակ, երբ եռանդուն ու ոգևորիչ է ինքը կեանքը, երբ նրա առջև բացվում էն գեղեցիկ, յուսատու հեռանկարներ։ Հայոց կեանքի մէջ մտած այդ նոր հոսանքին մենք կը նուիրեն, հետևեալ գլուխները։