Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևան եկաւ աւելի աhռելի դէմքով, քան առաջ էր-ամեն մի առաքինութիւն կորցրած, աթոռ և առաքինութիւն ձեռք գցելու փառասիրական տենչով բռնված։ Այն սև ու ողբալի ժամանակներում հոգևորականների կռիւները, ստոր արարմունքները իշխանութիւն ձեռք բերելու համար՝ մեր պատմութեան երկար էջերն են գրաւում։ Որքան բարձր էր իշխանութիւնը, այնքան սաստիկ էր նրա համար մղվող կռիւը փառասէր եկեղեցականների մէջ։ Հակառակորդները մատնում էին միմեանց, կողոպտում էին եկեղեցիները՝ այս կամ այն բռնաւորին կաշառքներ տալու և նրա բարեհաճութիւնը գրաւելու համար, խոստանում էին հարկ տալ և ստորանում էին այն աստիճան, որ տիրողները սովորում էին առանց քաշվելու ամեն տեսակ կեղեքումների ենթարկել նրանց։

Այդքան զզուելի արարքների պատճառով էր, որ Էջմիածինը, հայոց եկեղեցական իշխանութեան կենտրօնը, մատնվեց մի անտանելի դրութեան և հազիւ հազ էր կարողանում շունչ քաշել։ Ի հարկէ, չէ կարելի ասել, թէ բոլոր հոգևորականներն էին փառամոլ, թէ ամենքն էին պատրաստ զոհել ամեն ինչ իրանց անձնական շահերին։ Բայց փոքր ի շատէ պարտաճանաչ մարդը չէր կարող դրստել այն, ինչ քանդում էին կաշառքներով և մատնութիւններով գործ աջողեցնողները։ Կաթողիկոսներից անդադար պահանջում էին հարկ, կաշառք. Էջմիածինը չունէր և դիմում էր ժողովրդին, նրանից ստացած նուէրներն էր գցում անկուշտ իշխողների կոկորդը։ Բայց ժողովուրդը