Jump to content

Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաև ուրիշ տեսաք հասկանալու. յորոց կարելի է անել նաև իբրև սեռական. յ նախդիրը տեղարդությամբ է գրված ի կարգ բառի նախդիրն պատճառով. այնպես որ յորոց պատկանում է եպիսկոպոսութեան ձևին՝ իբրև հատկացուցիչ որով հատվածը հասկացվում է «եւ իմ անարժանիս եղնալ ի կարգ ի վիճակ եպիսկոպոսութեան որոց (նորա), այսինքն «որոնց ևպիսկոպոսության կարգին հասա ես անարժանս էլ»: Այս տեսակ շրջումներ ամենասովորական բաներն են հայերենի համար:

Սխալ է ասում Թորոսյանը, թե վերի հատվածում երկրորդ որոg-ը «վրացի ազգը կամ ժողովուրդը կ'ակնարկէ»: Ոչ. այդ որոց-ը վրացի ազգը չի ակնարկում, այլ «եպիսկոպոսները. Սամուէլը վրացոց առաջինը չէր, այլ եպիսկոպոսների առաջինը: Եվ առաջին ասելով Կորյունը ոչ թե ժամանակագրական կարգն է հասկանում, որովհետև նրանից առաջ Վրացիք շատ եպիսկոպոսներ են ունետել, այլ աստիճանը: Սամուէլ բոլոր եպիսկոպոսներից բարձր էր, ինչպես որ Կորյունն էլ մի տող հետո, խոսքը ավելի պարզաբանելով՝ ասում է. «Եպիսկոպոս կացեալ տանն արքունականի»:

Մարքվար, էջ 41 ևս ընդունում է, որ Կորյունը վրաց եպիսկոպոս էր, բայց վրացի լինելու մասին ոչ մի ակնարկ չունի: Հ. Թորոսյանը նույն տեղում ավելացնում է նաև երկու նոր ապացույց, Կորյունի վրացի լինելը ապացուցանելու համար: Առաջինն այն է, որ Կորյունը գովեստով է խոսում Ջաղայ թարգմանի, Սամուէլ եպիսկոպոսի, Արձիւղ թագավորի և Աշուշա իշխանի մասին, որոնք բոլորը վրացի էին: Այս բանը հազիվ թե իբրև ապացույց կարելի լինի համարել, որովհետև Կորյունը նույնչափ և տասնապատիկ ավելի գովեստ է տալիս Հայոց, հատկապես էջ 11, ուր Մեսրոպին հավասարեցնում է Մովսեսին, ներողություն խնդրելով իր այս հանդգնության համար: Բացի սրանից՝ Վրաց համար ասված վատ խոսքեր երբեք չեն պակասում Կորյունի մեջ. ինչպես էջ 15 «ի կողմանց կողմանց և ի խառնիճաղանջ գաւառաց իշխանութեան իւրոյ... զաղտ եւ զժանգ շարաւահոտ դիւացն եւ զսնոտիագործ պաշտամանն ի բաց անչափ անջատեալ ի հայրենեաց իւրեանց...»: Վրաստանը այնչափ է արհամարհում Կորյունը, որ մինչև անգամ մի տեղ չի ուզում անունը տալ, այլ բարբարոսների երկիր ասելով բավականանում է. այնչափ տիպական է իրեն համար այս վերադիրը վրացիների հանդեպ. «Հոգ ի մտի արկանէր սիրելին Քրիստոսի եւ վասն բարբարոսական կողմանն[1] եւ առնոյր կարգեալ նշանագիրս վրացերէն լեզուին» (էջ 15):

  1. Ակինյան, ՀԱ 1935, 527 բարբարոսական ուղղում է «բարբառոյ հիւսիսական»։