Jump to content

Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրքում, Փարպեցու մեջ և այլ այսպիսի հետ դասական շրջանի գրավածքներում, մանավանդ վերջին համանգամայնցն ձևը, որ սոսկալի հետնության նշան է:

Ի նպաստ ընդարձակին Սարգիսյանը, Թորոսյանը և այլն մեջ են բերում նաև ուրիշ փաստեր, որոնցից լավագույնները հիշում ենք:

ա) Փարպեցին իր պատմության մեջ քանիցս հիշում է, թե ինքը շատ է օգտվել Կորյունից. արդ, երբ համեմատենք Փարպեցին Կորյունի կրկին խմբագրությանց հետ, կտեսնենք, թե ընդարձակն է, որ Փարպեցու հետ զուգընթանում է: Այսպես՝ մինչ Փարպեցին և ընդարձակը Մաշտոց անունով են ճանաչում մեր մատենագրության հորը. համառոտը Խորենացու հետ գիտե Մեսրոպ:— Ընդարձակը, Փարպեցին և Խորենացին խոսում են գրերի գյուտի հետ կապ ունեցող բազմաթիվ անձերի վրա, որոնց մասին լուռ է համառոտը. ինչպես՝ Հաբել, Վահրիճ, Վաղինակ և Վասակ Սյունի, Անանիա եպիսկոպոս, Բակուր, Ջաղա, Մովսես եպիսկոպոս, Արսվաղեն, Երեմիա եպիսկոպոս Աղվանից, Յովնաթան և Բենիամին քահանաներ, Դանան, Ենովք, Մուշե, Տիրայր և այլն:

բ) Համառոտի մեջ կան այնպիսի ոստումներ, որ պատմության ընթացքը խանգարում են և միայն ընդարձակով կարող են լրացվել. այսպես՝ Մեսրոպը գրերը գտնելու համար Դանիելի մոտ է գնում և նրանից դժգոհ մնալով՝ աստուծուն է ապավինում. մեկ էլ աչքերը բաց է անում և «Սամոսի» մեջ հնարում է գրերը Հռուփանոսի հետ (տե՛ս էջ 9—11): «Ուստի՞ ո՜ւր. աղօթի՞ց միջոց պատահեցաւ այդ անցքն, կամ թէ արդեօք Ամբակումայ հրա՛շքն տեղի ունեցաւ: Ո՞ւր մնացին այն երկու տարիներն, յորս Դանիէլեան նըշանագրաց անյաջող փորձն եղա», հարցնում է Թորոսյանը, Բազմ.1897, էջ 308։— Ընդարձակը, էջ 18—20, մանրամասն պատմում է, թե ի՞նչպես Մեսրոպը Բյուզանդիոնից դարձին ձեռնարկեց Հունաց Հայաստանում դպրոցներ բանալու, հալածեց բորբորիանոս աղանդավորներին, անցավ Մեծ Հայք և քիչ ժամանակ մնալուց հետո՝ գնաց Աղվանից Բաղասական աշխարհի, Գարդմանի, Տաշրաց և Վրաց աշխարհները լուսավորելու, որից հետո դարձյալ վերադարձավ Մեծ Հայք: Համառոտը (էջ 15) նույնպես պատմում է Բյուզանդիոնից դարձը, բորբորիանոսների հալածումը, բայց իսպառ լռելուց հետո Աղվանից, Վրաց և այլն ճանապարհորդության մասին, հանկարծ ավելանցում է. «Ինքն դառնայր (որտեղի՞ց) ի կողմանս Հայոց» և այլն: Պարզ է, որ համառոտը խմբագրողը աչքի առաջ է ունեցել ընդարձակը և նրա վրայից ոստոստելով ծաղկաքաղ է կազմել, առանց ուշադրության առնելու, թե իրար հետ