ի կատարումն գիտութեան, բաւականս և առ ի զայլսն զեկուցանելոյ»։ Այստեղ զհասուցելոցս բառի վերջին ս-ն ցույց է տալիս, թե ինքն էլ իր ընկերների հետ հասել էր գիտության կատարելության (ուսումը վերջացրել էր) և կարող էր ուրիշներին դաս տալ, ուստի և ուղարկվեց Հայաստանի գավառները՝ ուսուցչության։
Այս բանը տեղի ունեցավ 407 թվին։ Սրանից 21 տարի հետո՝ այն է 429 թվին, այն ժամանակ, երբ Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Բյուզանդիոն գնացին, Կորյունը ևս իր Ղևոնդ ընկերակցի հետ ուղարկվեց այնտեղ՝ իր ուսումը շարունակելու համար։ Ավանդությունը ասում է, թե ուսումը ավարտելուց հետո իր Ընձակ ընկերոջ հետ ուղարկվեց Երուսաղեմ․ այնտեղ էլ մի ժամանակ մնալուց հետո՝ վերադարձավ Հայաստան, իր հետ բերելով ս․ Կյուրեղ Երուսաղեմացու ապաշխարող արձակելու կարգը։ Կորյունը ձեռնադրվեց Վրաստանի եպիսկոպոս և թերևս այս պաշտոնի մեջ էլ կնքեց իր մահկանացուն։ Կորյունի մասին կենսագրական ուրիշ տեղեկություններ չկան։
Կորյունը գրել է մի համառոտ երկասիրություն, որի վերնա- գիրն է «Պատմութիւն վարուց և մահուան սրբոյ առն երանելւոյ Մեսրովպայ վարդապետի մերոյ թարգմանչի»․ բայց այս վերնագիրը հետին ժամանակի բան է․ որովհետև, ինչպես Մեսրոպի կենսաագրության մեջ, գլ․ ԺԴ, ավելի մանրամասն պիտի ցույց տանք, Կորյունն իր ամբողջ աշխատության մեջ միշտ Մաշտոց ձևն է գործածում և ո՛չ բնավ Մեսրոպ, որ Խորենացու և ուրիշ հետին մատենագիրների սիրած ձևն է։ Միայն հիշյալ խորագրի մեջ է, որ Մեսրոպ ձևը երևան է գալիս։
Կորյունն իր աշխատությունը պատրաստել է առաջարկությամբ կամ իր բառով «հրաման»-ով «առն միոյ պատուականի Յովսէփ կոչեցելոյ աշակերտի առն այնորիկ»․ այս Հովսեփը առհասարակ համարվում է Հովսեփ եպիսկոպոսը, որ հետո կաթողիկոսական պաշտոնի բարձրացավ։ Իրեն հորդորել են նաև իր աշակերտակից ընկերները, որոնք, Հունաստանից վերադառնալով, վախճանած գտնելով իրենց սուրբ վարդապետին, իբրև հոգեկան մխիթարություն՝ ցանկացել են ունենալ նրա կենսագրությունը (Մալխասյանց, Պատմ․ Մատ․ էջ 85)։
Կորյունը լինելով ժամանակակից, աշակերտ և գործակից ևս Մեսրոպի՝ իր աշխատությունը մեր ունեցած բոլոր աղբյուրների մեջ ամենից բարձրն ու հավատարիմն է։ Փարպեցին և Խորենացին, որոնք Կորյունից հետո կարևորագույն աղբյուրներն են, օգտվել են այս աշխատությունից․ ուրեմն և այս գրքից «պետք է գաղափար կազմենք գրերի գյուտի և առհասարակ թարգմանական գործունեության