Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պոլիսը սուլթանների հարազատ զավակն էր, իսկ գավառը՝ խորթ: Գավառը վաստակում էր, իսկ Պոլիսը՝ վայելում: Այս ակնբախ անարդարությունն անշուշտ ուներ իր խոր հիմնական պատճառները, իսկ այդ պատճառներից մեկն ու գլխավորն էլ այն էր, որ ըմբոստ գավառի դեմ անհրաժեշտ էր գոնե հլու և հավատարիմ մայրաքաղաք ունենալ: Սրանով պետք է բացատրել նաև այն չափազանց նշանակալից երևույթը, թե ինչպես Պոլիսը երբեք փորձ չարեց որևէ արդար ըմբոստացումով հայրենիքը փրկել կորստից. այս է պատճառը, որ թուրք հեղափոխության օրրանն էին՝ Սելանիկ, Մանաստիր, Էրզրում, Կեսարիա, Գոնիա, Էնկյուրի, իսկ Պոլիսը՝ երբեք: Թուրք հեղափոխականների բոլոր ցույցերն ու ըմբոստացումները մայրաքաղաքում գրեթե միշտ նույն արյունոտ ու եղերական վախճանն ունեցան, որովհետև մայրաքաղաքի ժողովրդին խորթ ու անհարազատ էին այդ շարժումները: Ինչպես Պոլսի թրքության բարօր ու հանգիստ կենցաղով չի կարելի չափել թուրք ժողովրդի ընդհանուր վիճակն ու ճշտել թուրքական հեղափոխության բնույթն ու նկարագիրը, նույնպես և պոլսահայության վիճակով չի կարելի Թուրքիայի մնացյալ հայության կացությունը պարզել և հասկանալ հայկական շարժումների իսկական պատճառները: Քանի մայրաքաղաքից հեռանալու լինենք և որքան մոտենալ փորձենք դեպի երկրի ներսերն ու մասնավորաբար դեպի թուրքահայ վիլայեթները, այնքան ավելի ու ավելի հստակ ու որոշ պիտի դառնան այն տարբերությունները, որ կային մայրաքաղաքի և բուն հայրենիքի մեջ ապրող հայության հատվածների միջև: Գավառի և մասնավորաբար հայկական նահանգների հայ ժողովուրդը հարատևորեն և շարու-