Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները 18-րդ դարից սկսած իրավունք էին համարում միջամտել Թուրքիայի գործերին և առիթը եղած դեպքում հոշոտել Թուրքիան: Անշուշտ Ռաուֆ բեյերը սրանից մոտ 60 տարի առաջ Թուրքիայի քայքայման պատճառնե՞րն էլ չպիտի որոնեն հայերի մեջ, քանի որ հենց իրենք են պնդում, որ 60 տարի առաջ հայը թուրքից տարբերելը շատ դժվար էր: Ուրեմն ո՞րն է այն հիմնական պատճառը, որ լայնորեն բացել է Թուրքիայի դռները օտար միջամտության առջև, առաջ՝ ռուսի և մեծ պետության, իսկ այժմ՝ նաև փոքրերի: Արդյոք մեղքը այդ տերությա՞ն մեջ պիտի որոնել, թե՞ թուրք պետության, նրա ներքին ցավերի և կարծես անբուժելի հիվանդության մեջ:

Ռուսին և եվրոպացիներին հայհոյելուց շահ չունեն ո՛չ հայը և ո՛չ թուրքը: Իրականությունն այն է, որ այդ պետություններն ուզում են մեծանալ Թուրքիայի հաշվին, այսօր հային պատրվակ բռնելով, իսկ վաղը՝ քուրդին և արաբին: Եվ նշանակալիցն այն է, որ նրանք Թուրքիայում իշխող անարդարությունը տեսնում են, երբ Թուրքիան տկար է. միջամտում են, երբ կարելի է հոշոտել, և լուռ հանդիսատես են մնում, երբ Թուրքիան քիչ կազդուրված ու ոտքի է կանգնած: Այս դժբախտ երևույթի մեղավորը ո՞վ է արդյոք: Լեռան ծայրին դարան մտած գա՞յլը, որի իրավունքն է հափշտակել. թե՞ խելքից զուրկ հովիվը, որի պարտականությունն է գուրգուրանքով հոտը խնամել ու պահել:

Խրատներ են կարդում հայերին առ երևույթս հաղթական համարվող թուրք մտավորականները: Բայց թող բարի լինեն լսելու մի խրատ, որ գալիս է հին, շատ հին ժամանակներից: Այդ խրատը, ի միջի այլոց, սրբագործված է Թուրքիայում նահատակված միլիո-