Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դեռ Էրզրումի ժողովի նիստերը չփակված, կառավարության գիտությամբ և թույլատվությամբ, իրար հետևից Անդրկովկաս էին ուղարկում կուսակցության երկու անդամները՝ հայտարարելու կուսակցության կամքը և ջանալու՝ արգելել սկսված շարժումը, իսկ եթե այդ անհնար է, տալու նրանց որոշ ուղղություն:

Ի վերջո Էրզրումից պետական փոստով ճանապարհ է ընկնում Դաշնակցության իսկական ղեկավարը և նրա ոգին՝ Ռոստոմը՝ որը, անցնելով Պոլիս, այնտեղ զեկուցում է Ընդհ. Ժողովի որոշումների մասին և կառավարության թույլատվությամբ մեկնում է արտասահման՝ իր ազդեցությունը գործադրելու նաև այնտեղ: Նույն նկատումներով Վանի նահանգից Արամը և տեղի Կենտրոնական Կոմիտեն ուղարկում են Քաջազնունուն, իսկ նրա հետևից անմիջապես նամակներ են ուղարկում Գալուստ Ալոյանին՝ կտրուկ կերպով հրահանգելով նրան, որ այդ շարժումների առաջն առնի:

Եվ այս բոլորը կատարում էր Էնկյուրիի այժմյա գործիչներից Թահսիմ բեյի գիտությամբ: Ու թերևս այս նամակների ու հրահանգների իսկությունը թաքցնելու համար է, որ Իթթիհաթիի ներկայացուցիչ Հիլմին սպանել տվեց Գալուստ Ալոյանին, որի մոտ գտնվում էին այս բոլոր գրությունները: Այս նամակներով պիտի ճշտեին իմ բոլոր ասածները, պիտի պարզվեր, որ Վանը ճիգ էր թափում այդ շարժումների առաջն առնել, նույն և Մուշը:

Իմ ձեռքով գրված նամակներից մեկը, որ նամակատարի ձերբակալմման հետևանքով անցել է թահսին բեյի ձեռքը, մեծ գոհունակություն է պատճառել նրան, որովհետև նա տեսել է, որ մենք իսկապես որոշել ենք լոյալ մնալ և հակառակ ենք կամավորական շարժման: