Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ-ում հայ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար ստեղծվել են ակումբներ, երգչախմբեր, թատերախմբեր:

Հայ թատերական կյանքի աշխուժացմանը հիմնականում նպաստել են հյուրախաղերի եկած դերասանները, որոնց աջակցել են տեղի սիրողական դերասանները: 1923-ին Բրյուսելում Հովհաննես Աբելյանը բեմադրել է Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսը, խաղացել գլխավոր դերը: Մի շարք ներկայացումներ են բեմադրել Փարիզի հայ դրամատիկ թատերախմբի դերասաններ Տ. և Ս. Նշանյանները, Փարիզի Կովկասահայ դրամաօպերետային խումբը: Բրյուսելում կազմակերպվել է թատերախումբ, որը 1928-ին ներկայացրել է Հ. Թումանյանի «Անուշը» (Անուշ՝ Է. Բադալ): 1949-ին կրկին ելույթներ են ունեցել Տ. և Ս. Նշանյանները, Արտաշես Գմբեթյանը և ուրիշներ: Նույն թվականին ուսուցչուհի Մ. Գովանճյանը բեմադրել է Արշակ Չոպանյանի «Բամբասանք կամ Մութ խավար» պիեսը՝ հեղինակի ներկայությամբ:

Բ-ի երաժշտական կյանքում նշանակալի դեր է ունեցել «Արմենիա» երգչախումբը, որը գործել է 1922-1945-ին՝ Վարդան Սարգսյանի (Կոմիտասի սաներից) ղեկավարությամբ: Երգչախումբը դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանի և երգիչ Արմենակ Շահմուրադյանի մասնակցությամբ համերգներ է տվել Բրյուսելում, Անտվերպենում՝ արժանանալով բացառիկ ուշադրության: 1960-ին Բրյուսելում և Անտվերպենում ելույթներ է ունեցել Արամ Խաչատրյանը: 1960-ական թթ. Բրյուսելի օպերային թատրոնում հանդես է եկել երգչուհի Լուիզ Պոզապալյանը:

Ներկայումս Բ-ում գործող մշակութային կազմակերպություններից է «Ամադեուս» երաժշտական հաստատությունը (տնօրեն՝ երաժիշտ Հովհաննես Անաստասյան), որի նպատակն է բացահայտել շնորհաշատ պատանիների և աղջիկների, կազմակերպել նրանց մասնագիտական ուսումնառությունը: Նույն նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվում է պատանի երաժիշտ կատարողների «Ամադեուս» մրցույթ: Վերջերս ստեղծվել և իր անդրանիկ ելույթներն է ունեցել «Հայք» պարախումբը:

Բելգիահայ մշակութային գործիչներից հայտնի են երաժիշտներ Սուրեն Քեշիշյանը, Սյուզաննա, Էմանուել և Անի Գույումջյանները, Ստեփան Խանջյանը, ջութակահար Դանիել Նազարյանը (նվագում է Բրյուսելի օպերային թատրոնի նվագախմբում), երաժշտագետներ Հայկ Քալանթարյանը, Պետրոս Ալահայդոյանը (Բրյուսելի ռադիոյի աշխատակից, որը ձայնագրում և գրի է առնում հին հայկական երգեր), ջութակահար, Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի և թագուհի Ելիզավետայի անվան բարձրագույն երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Հարությունյանը, քանդակագործ և նկարիչ, Բրյուսելի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, բազում մրցանակների արժանացած Մոնիկ Մելիքյանը, նկարիչներ Աիդա Ղազարյանը, Մայա Տամատյանը, Վերոնիկ Պարսամյանը և ուրիշներ:

ՄԱՄՈՒԼ

Տարբեր տարիների Բրյուսելում և Անտվերպենում լույս են տեսել «Լրագիր» (1927), «Հայ աշխարհ» (1937-39), «Գիտություն և գիտելիք» (1928-29) պարբերականները: 1978-ից հրատարակվում է «Հայ» լրատվական թերթիկը, հիմնականում՝ ֆրանսերեն, հազվադեպ՝ նաև հայերեն (խմբագիր՝ Էդուարդ Ժախյան):

Գրկ. Ս ա ր ու խ ա ն Ա., Բելգիա և հայերը, ԺԱ դարից մինչև մեր օրերը, Վնն., 1937:

Արա Վրույր (Բելգիա)