Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեցուն կից գործում է թեմին պատկանող միակ հայկական ամենօրյա դպրոցը, որը 1931-ին կոչվել է Դուրյան ազգային վարժարան:

Լույս է տեսնում թեմի «Սիփան» պաշտոնաթերթը:

Թեմի առաջնորդն է Տաթև արք. Ղարիբյանը (1983-ից):

1934-ին Սերոբ Խըռլակյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Բ-ի հայ կաթոլիկների միությունը: Ներկայումս Սան Պաուլոյում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը միավորում է բրազիլահայ կաթոլիկ համայնքը (առաջնորդ՝ Վարդան եպս. Պողոսյան): Հրատարակում է «Մեսենջեր» պարբերականը (պորտուգալերեն):

Գաղութի կյանքում նշանակալի դեր են խաղում նաև ավետարանական հայերը (շուրջ 400 ընտանիք), ունեն եկեղեցի Սան Պաուլոյում: Հաճախ կազմակերպում են հասարակական և բարեգործական միջոցառումներ, հրատարակում են պարբերական (հայերեն, պորտուգալերեն): Գործում է «Ավետարանական եղբայրներ» միությունը:

ԴՊՐՈՑ

Բ-ում, կրթության մասին օրենքի համաձայն, ազգային փոքրամասնությունների դպրոցներում տվյալ ժողովրդի պատմությունից և մայրենի լեզվից բացի դասավանդվում են նաև երկրի պետական ուսումնական ծրագրերով նախատեսված առարկաներ:

Համայնքի ձևավորումից ի վեր գործել են մեկօրյա դպրոցներ, հայտնի են Կիլիկիա, Նուբարյան, Սահակ-Մեսրոպյան վարժարանները: Այնուհետև հիմնվել են ամենօրյա վարժարաններ (1928-ին, 1983-ին): Գործում են նաև երկու փոքր դպրոցներ (մոտ 100 աշակերտով)՝ Սան Պաուլոյի մերձակա Պրեզիդենտե Ալտինո և Ֆեյրա դե Սանտանա քաղաքներում: Կիրակնօրյա դպրոցներ ունի նաև հայ ավետարանական համայնքը:

Դարյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1928-ին, Սան Պաուլոյում՝ համայնքի հանգանակությամբ: 1931-ին անվանակոչվել է Դուրյան ազգային վարժարան՝ ի հիշատակ Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք. Դուրյանի: Գործում է Ս. Գևորգ եկեղեցու հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական (միջնակարգ) բաժին: 2002-ին ունեցել է 120 աշակերտ:

Փառեն և Ռեգինա Պազարյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1983-ին, Սան Պաուլոյում՝ ՀԲԸՄ հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական բաժին: 2002-ին ունեցել է 100 աշակերտ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Բրազիլահայ գաղութի առաջին հասարակական կազմակերպությունները երևան են եկել 1920-ական թթ.: 1927-ին հիմնվել է Հայ գաղութային միությունը՝ Վահրամ Քեոթենեճյանի նախագահությամբ: Այնուհետև իրենց գործունեությունն են սկսել Հայ երիտասարդաց միությունը, Հայ մարմնակրթական միությունը, «Յառաջդիմասեր հայուհեաց» միությունը, Մարաշի հայրենակցական միությունը, ՀՀԴ տեղական կազմակերպությունը: 1932-ին հիմնվել է ՀԲԸՄ-ի Սան Պաուլոյի մասնաճյուղը, 1933-ին՝ Կրթասիրաց միությունը, 1934-ին՝ Հայ Կարմիր խաչի մասնաճյուղը, 1940-ին՝ «Արմենիա» երիտասարդաց միությունը: Հետագա տարիներին ստեղծվել են կուսակցական, բարեգործական, մշակութային, մարզական-երիտասարդական, հայրենակցական և մի շարք այլ կազմակերպություններ:

Ներկայումս (2003) բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է: Գործում են ՀՀԴ Հայկական ակումբը, Արմենիա երիտասարդական միությունը, ՀՕՄ-ի, ՀՄՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀԲԸՄ-ի, Սան Պաուլոյի մասնաճյուղերը, Հայ երիտասարդական ընկերակցությունը (ՀԵԸ)՝ իր մարզադաշտերով և մարզական խմբերով, որոնք մասնակցում են Հարավամերիկյան օլիմպիական խաղերին, ինչպես նաև Արգենտինայում պարբերաբար անցկացվող համահայկական Նավասարդյան տոներին, Բրազիլահայ մշակութային միությունը և Բրազիլիա-Արմենիա ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Մարաշի և Հաճընի հայրենակցական միու-