Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնարավորություն չստացավ մասնակցելու) կնքված պայմանագրի հայերին վերաբերող հողվածը՝ 61-րդը, վերացնում էր Արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրագործման քիչ թե շատ իրական երաշխիքը (ռուսական զորքերի առկայությունը հայաբնակ վայրերում): Միևնույն ժամանակ Բեռլինի դաշնագրով Հայկական հարցը Օսմանյան կայսրության ներքին հարցից, փաստորեն, դարձավ միջազգային խնդրո առարկա:

XVIII դ. վերջից սկսված Գ-ի և Թուրքիայի մերձեցումը վերաճեց գերմանա-թուրքական դաշինքի, որն իր ծանր հետևանքներն ունեցավ հայերի համար: 1894-96-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների ժամանակ Գ-ի կառավարությունը գերադասեց լռել, թեև Գ-ում գտնվեցին գործիչներ, որոնք կառավարությունից պահանջում էին զսպել թուրք ջարդարարներին: 1915-16-ին Թուրքիայում կազմակերպված հայերի ցեղասպանության համար որոշակի պատասխանատվություն է կրում նաև Թուրքիայի դաշնակից կայզերական Գ.: Գ-ի կառավարական և զինվորական շրջանակները ոչ միայն չկանխեցին նախապատրաստվող հանցագործությունը, այլև նպաստեցին դրա իրագործմանը: Վկայություններ կան, որ մերձռազմաճակատային գոտուց արևմտահայերի տեղահանության գաղափարը թուրքերին թելադրված էր Գ-ի գլխավոր սպայակույտի սպաների կողմից:

1921-ի մարտի 15-ին ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում ահաբեկեց հայերի ցեղասպանության կազմակերպիչներից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին և հանձնվեց ոստիկանությանը: Հունիսին Բեռլինում կայացավ Ս. Թեհլերյանի դատավարությունը, դատարանը արդարացրեց հայ հայրենասերին: 1922-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում ոչնչացրին երիաթուրքերի պարագլուխներից մեկին՝ Բեհաէդդին Շաքիրին, և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին:

1920-ի օգոստոսին Գ-ի կառավարությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (1918-20):

Գ-ում հայերի թիվը սկսել է աճել XIX դ. վերջից՝ ի հաշիվ երկրի համալսարաններում Այսրկովկասից սովորելու եկած հայ երիտասարդների: Ձևավորվել են հայ ուսանողական հայրենակցական միություններ Մյունխենում, Վայմարում, Ենայում, Բեռլինում: Գ-ի համալսարանական կենտրոններում են կրթություն ստացել երգահան Կոմիտասը, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, գրողներ Լևոն Շանթը և Ավետիք Իսահակյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը և շատ այլ հայ գիտնականներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Տեխնիկական կրթություն ստացած հայերից ոմանք որոշ ժամանակ աշխատել են երկրի արդյունաբերական կենտրոններում: 1884-98-ին Ախենի պոլիտեխնիկումի հանքաբանության ամբիոնի վարիչն էր նշանավոր երկրաբան Անդրեաս Արծրունին: Հետագա տարիներին հայերի թիվը Գ-ում չի աճել, քանի որ նրանք վստահություն չեն տածել Թուրքիայի դաշնակից Գ-ի նկատմամբ: Երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում հայերի թիվը երկրում նվազել է՝ հասնելով 1500-ի:

Գերմանահայությունը սկսել է համալրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) անմիջապես հետո, երբ Արևմտյան Գերմանիայում սկսվել է տնտեսության բուռն վերականգնումը: Գ. են ներգաղթել զգալի թվով հայեր Թուրքիայից, հատկապես Կ. Պոլսից, իսկ հետագա տարիներին՝ Լիբանանից, Իրանից, Հունաստանից: Ձևավորվել են հայ համայնքներ Համբուրգում, Մյունխենում, Քյոլնում, Արևմտյան Բեռլինում (մինչև Գ-ի վերամիավորումը), Շտուտգարտում, Մայնցում և այլ քաղաքներում: Ստեղծվել են համայնքների ազգային կյանքը կազմակերպող մի շարք միություններ:

1990-ական թթ. առաջին կեսին Գ. են ներգաղթել բազմաթիվ հայեր Հայաստանից (8-10 հզ.), նաև՝ Աբխազիայից, Վրաստանից, Ադրբեջանից և ԽՍՀՄ այլ հանրապետություններից (շուրջ 3 հզ.): Հայ առաքելական եկեղեցու Գ-ի թեմի առաջնորդարանի տվյալներով, ներկայումս (2003) Գ-ում բնակվում է շուրջ 30 հզ. հայ: Հիմնականում զբաղված են արդյունաբերության, շինարարության, գիտության, առողջապահության բնագավառներում:

Գերմանահայ համայնքը զգալի օգնություն է ցուցաբերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին: Համայնքի անմիջական մասնակցությամբ Գյումրիում կառուցվել է պոլիկլինիկա, Երևանում՝ պրոթեզավորման կենտրոն: Աղետի գոտի են ուղարկվել հագուստեղեն, սննդամթերք, դեղորայք, բժշկական սարքավորումներ: 1989-ին ստեղծվել է Հայ օգնության կենտրոնը՝ Գ-ի մի շարք հայ համայնքների ցուցաբերած օգնությունը համակարգելու նպատակով: Մարդասիրական զգալի օժանդակություն է ցույց տրվում նաև Արցախին:

Բեռլինում հայերը հաստատվել են XIX դ. վերջին XX դ. սկզբին: Նրանք գլխավորապես Բեռլինի համալսարանի և բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողներն էին: Ունեցել են իրենց հայրենակցական միությունը: Նույն ժամանակ Բեռլինում գործել են հայ քաղաքական կուսակցությունների (ՀՀԴ, Հայ սոցիալ-դեմոկրատներ) խմբակներ: Հիմնվել են մի շարք հասարակական և մշակութային կազմակերպություններ ու ընկերություններ, 1914-ի հունիսին կազմավորվել է Գերմանա-հայկական