Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկերությունը, 1923-ին պաշտոնապես գրանցվել է Բեռլինի հայ համայնքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գ-ում գտնվող խորհրդային բանակի հայ գերիներին օգնելու նպատակով Բեռլինում ստեղծվել է Հայ ազգային խորհուրդ:

Արևմտյան Բեռլինի հայ համայնքը, որը մինչե Գ-ի վերամիավորումը (1991) առավել կազմակերպվածն էր, ստեղծել է իր ընտրովի վարչությունը, բացել ակումբ՝ Հայ տուն, մշտապես նպաստել երկրում բնակվող հայերի ազգային ինքնագիտակցության աճին: Պարբերաբար գումարվել են հայ երիտասարդության հավաքներ՝ հայոց լեզվին և պատմությանը նվիրված դասընթացներով և դասախոսություններով: Համայնքը նշել է Մեծ եղեռնի տարելիցները, գերմաներեն հրատարակել և տարածել գրականություն Հայ դատի և հայերի ցեղասպանության մասին, Եվրախորհրդարանին ներկայացրել (1987) անհրաժեշտ վավերագրեր Հայ դատի վերաբերյալ: 1985-ին հիմնվել է Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոնը, 1979-ից գործում է Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակը: 1920-ից Բեռլինի համալսարանի հնդեվրոպական լեզուների ֆակուլտետի կազմում գործում է հայկական բաժինը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց: Համայնքը մեծապես նպաստել է 1986-ին Արևմտյան Բեռլինում հայ մշակույթի օրերի անցկացմանը:

Ներկայումս (2003) Բեռլինում բնակվում է շուրջ 1000 հայ:

Մայնցի հայ համայնքը՝ կազմված մի քանի տասնյակ ընտանիքներից, ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կապ է պահպանում Հայաստանի հետ, օգնում Մայնցի համալսարանում սովորող հայ ուսանողներին (այդ թվում՝ Հայաստանից եկած): Համայնքը երկար տարիներ ղեկավարել է ճարտարապետ դոկտոր Արա Բերկյանը (1934-94), որը հայտնի է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված իր ուսումնասիրություններով: 1988-ին նա Էննո Մեյերի հետ հրատարակել է «Հռենոսի ու Արաքսի միջև» գիրքը, որտեղ լուսաբանված են գերմանա-հայկական հարաբերությունները XI-XX դդ.:

Մյունխենում հայերը սկսել են հաստատվել ուշ միջնադարում, ունեցել են առևտրական տներ: Ավելի ուշ՝ XIX դ. վերջին XX դ. սկզբին, քաղաքի հայ բնակիչների թիվն ավելացել է հայ ուսանողների հաշվին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերը Մյունխեն են ներգաղթել Թուրքիայից: Աշխատել են հիմնականում արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում: Աստիճանաբար ձևավորվել է Մյունխենի հայ համայնքը. 1970-ական թթ. սկզբին բնակվել է մոտ 600 հայ: 1990-ական թթ. քաղաքում հաստատվել են տասնյակ հայ ընտանիքներ Հայաստանից, Ադրբեջանից, նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերից: Այժմ (2003) Մյունխենի հայ համայնքն ունի շուրջ 1000 անդամ: Գործում են Հայ առաքելական եկեղեցու Բավարիայի խորհուրդը, Հայկական հարցերի հաստատությունը, հայկական մշակութային երկու միություն:

Շտուտգարտում հայերը հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ներգաղթել են հիմնականում Թուրքիայից (Կ. Պոլսից), հետագա տասնամյակներին (1960-80-ական թթ.)՝ նաև Լիբանանից, Իրանից, Հունաստանից: Զբաղված են արդյունաբերության և առևտրի ոլորտներում: Գործում է համայնքի Հայ տունը, որտեղ տեղի են ունենում հավաքներ, նշվում հայ ազգային տոները, կազմակերպվում ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ: Հայ տանը կից կազմակերպում են հայերենի շաբաթօրյա դասընթացներ: Շտուտգար-