Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարանի Արևելյան երկրների մատենագիտության բաժնի պատասխանատու դոկտոր Թեսսա Հոֆմանը (հեղինակ է Հայաստանի պատմությանը, Մեծ եղեռնին նվիրված մի շարթ աշխատությունների) և բանասեր, աշխարհագրագետ Ժիրայր Քոչարյանը (հեղինակ է Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված մենագրության և բազմաթիվ հոդվածների):

Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոն, կազմավորվել է 1989-ին: Ղեկավարն է դոկտոր Միհրան Տապաղը: Հետազոտում է Հայ դատի և Հայոց ցեղասպանության պատմությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես հոգեբանական բնույթի հարցերը (Մեծ եղեռնը որպես անհատական և կոլեկտիվ դրամա, նրա ազդեցությունը սփյուռքահայության կյանքի վրա ևն): Կենտրոնի հայ և գերմանացի աշխատակիցները մասնակցել են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված մի շարք միջազգային գիտաժողովների: 1995-ի հունիսին կենտրոնը Բեռլինի հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել է սեմինար՝ նվիրված Մեծ եղեռնի 80-ամյակին:

1998-ի փետրվարին Բոխումի համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Հայկական ոաումնասիրությունների կենտրոնի հիմնած «Սփյուռը և ցեղասպանության հետազոտության կենտրոնը» ճանաչվել է որպես համալսարանին կից գիտահետազոտական հաստատություն:

1998-ին Մ. Տապաղի խմբագրությամբ հրատարակվել է «Ցեղասպանություն և արդիականություն» գիտական հոդվածների ժողովածուի առաջին մասը (գերմաներեն):

ՄՇԱԿՈՒՅԹ

XIX դ. վերջին Գ. ուսանելու եկած հայ երիտասարդները եղել են հայ-գերմանական մշակութային կապեր հաստատողները: Առաջիններից էր մեծն Կոմիտասը, որը Գ-ում ուսանելու տարիներին երգել է Բեռլինի օպերային թատրոնի երգչախմբում:

Թատրոն: Դերասան Հովհաննես Աբելյանը 1923-ին Բեռլինի կենտրոնական թատրոնում գերմանական թատերախմբի հետ խաղացել է Օթելլոյի դերը (հայերեն): 1920-30-ական թթ. Բեռլինի, Համբուրգի, Շտուտգարտի թատրոններում հաջողությամբ հանդես է եկել հայազգի դերասան Ռաուլ Ասլանը: 1930-ին դերասան Դավիր Դավիթխանյանը բեմադրել է Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման, խաղացել Էլիզբարովի դերը: Ներկայացմանը մասնակցել են քույր և եղբայր Նազարյանները, Մուրադյանը, Գենյա Վարդանյանը և ուրիշներ: 1939-ին Համբուրգում ելույթներ են ունեցել Հայկ և Էմմա Արծիվները: 1945-ին Շտուտգարտում հայ գերիներից կազմակերպվել է թատերախումբ, որտեղ ընդգրկվել են նաև Սուրեն Աբեղյանը (Սունդուկյանի ան¬վան թատրոնի նախկին դերասան), Մ. Սևաչերյանը (Բաքվի հայկական թատրոնի նախկին դերասան), Գուրգեն Ղարդաշյանը, Արամ Հարությունյանը, Աղավնի Գրիգորյանը, Ա. Ատոմյանը, Հ. Հակոբյանը, Մ. Հակոբյանը, Անյա Արամյանը: 1945-50-ական թթ. Սուրեն Աբեղյանի և Վահան Գույումճյանի ղեկավարությամբ բեմադրվել են Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Պատվի համար», Դեմիրճյանի «Վարդանանք» և այլ գործեր: Ռազմագերիների թվում է եղել նաև հայ և ռուսական թատրոնների դերասանուհի Իզաբելլա Քալանթարը, որը Գ-ի ռուսական թատերախմբում խաղացել է մի շարք դերեր: Լյուդվիգֆուլդի թատրոնում է աշխատել դերասան և ռեժիսոր Օննիկ Սաատեթյանը. նա գերմաներեն է թարգմանել Լևոն Շանթի «Հին սատկածները» և բեմադրել 1977-ին (խաղացել է Աբեղայի դերը): Նրա բեմադրությամբ ներկայացվել է նաև Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսը:

Կինո: 1930-ական թթ. Բեռլինում ֆիլմեր է նկարահանել իրանահայ Վահագն Բադալը («Մոսկվա-Շանհայ» ևն): «Շտուդիա-դիագնես» թատրոնի հիմնադիր Գրիգոր Մելիքյանը թատերական գործունեությանը զուգահեռ նկարահանվել է նաև կինոյում: Անվանի կինոդերասանուհիներից է Անահիտ Իփլիքջյանը: Բեռլինի «Պեգասոս» կինոընկերության ղեկավարներից է եղել թիֆլիսահայ Սերժ Գամբարովը:

Բեռլինում է ստեղծագործել (1982-93-ին) ծագումով արցախցի կինոբեմադրող Դոն Ասկարյանը: Նրա «Կոմիտաս» (1988) և «Ավետիք» (1992) գեղարվեստական կինոնկարները միջազգային մի շարք փառատոներում արժանացել են պարգևների: Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղ» ժապավենը («Մարգարիտա Ոսկանյան» ֆիլմարտադրություն):

Երաժշտություն: 1965-ից Մյունխենում է սաեղծագործել անվանի ջութակահար և երգահան Լյուդվիգ Բազիլը (1931-90): Գրել է Գրիգոր Նարեկացու, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի բանաստեղծություններով ինքնատիպ մեներգեր ու խմբերգեր, որոնցում յուրովի օգտագործել է հայ ժողովրդական և միջնադարյան հոգևոր երաժշտության հատկանիշները, մշակել հայ ժողովրդական և աշուղական երգեր: Մյունխենում հիմնել է նաև «Մուզիքամ» եռյակը, որը բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: