Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիայի հայկական պետության վրա: Մամլուքներն ավերել են երկիրը և Ե. են գերեվարել տասնյակ հազարավոր կիլիկիահայերի:

XV դ. սկզբին շաա հայերի Ե. են գաղթեցրել թաթարները: 1416-ին Հայաստանից և Վրասաանից Ե., Միջագետք ու Պարսկաստան են բերվել 100 հզ-ից ավելի խաղաղ բնակիչներ: 1440-ին հայերով ու վրացիներով բնակեցված Շամշուլդե (Սամշվիդլե) քաղաքից Ե. և Պարսկաստան է գերեվարվել 10 հզ. մարդ: Եգիպտական գերության մեջ հայտնված հազարավոր հայերի հիմնականում օգտագործել են գյուղատնտեսական աշխատանքներում, շատերը զբաղվել են արհեստագործությամբ, աշխատել որպես ջուլհակներ (նրանց արտադրած կտավը կոչվել է «հայկական կտավ»): Գերի հայերի տղաներին հավաքել են զինվորական հատուկ ճամբարներում, մահմեդականացրել են, սովորեցրել ռազմական արվեստ և նրանցով համալրել եգիպտական բանակը:

XVI դ. սկզբին Ե. ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Երկրում տիրել է բռնություն, որն ուղեկցվել է նաև քրիստոնյաների պարբերական կոտորածներով: Այդ պայմաններում Ե-ից գաղթել է մի քանի հզ. հայ, մի մասն էլ հալածանքներից խուսափելու համար կրոնափոխ է եղել: Եգիպտահայ գաղութն սկսել է նոսրանալ: Ըստ պատմիչ Սիմեոն Լեհացու՝ 1615-ին Կահիրեում կար 200 տուն հայ: Հայերն ապրել են Հայկական թաղամասում (Բաբ ալ Արմանի), որտեղ գտնվում էին Ս. Սարգիս եկեղեցին, Ս. Մինաս մատուռը և հայկական գերեզմանատունը:

Եգիպտահայ գաղութը վերստին աշխուժացել է XVIII դ. կեսից, երբ Ե-ի քաղաքները վերածվել են միջազգային առևտրի կենտրոնների, որտեղ եվրոպացի վաճառականներն օգտվել են մեծ թվով հայ, հույն և սիրիացի առևտրականների միջնորդական ծառայություններից: Այս ժամանակաշրջանում զգալի թվով հայեր բնակություն են հաստատել Ալեքսանդրիայում, և արդեն 1792-ին քաղաքում կար հայկական եկեղեցի:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից (1789-94) հետո Ե. դարձել է անգլո-ֆրանսիական մրցակցության առարկա: Արաբ պատմաբան Ալ Ջաբարթիի վկայությամբ՝ Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին դիմակայող զորապետներից ոմանք եղել են հայեր: Հայ վաճառական Մուրադ բեյի միջոցներով կառուցված ռազմանավի հրամանատարն էր հայազգի Նիկողայոսը, իսկ եգիպտական բանակում կային բազմաթիվ հայազգի զինվորներ: Ֆրանսիական զորքերի ներխուժումը բացասաբար է անդրադարձել եգիպտահայ գաղութի վրա: Ղպտի վերնախավի վրա հենվող ֆրանսիացիները վերացրել են հայ վաճառականների մենաշնորհը:

XIX դ. 1-ին կեսին եգիպտահայ գաղութը նոր վերելք է ապրել՝ շնորհիվ Ե-ի փաշա Մուհամմեդ Ալիի (1769-1849) վարած վարչական ու տնտեսական քաղաքականության: Կ. Պոլսից և այլ քաղաքներից Ե. են հրավիրվել 200 հայ հմուտ արհեստավորներ: Խոշոր կապիտալի հայ ներկայացուցիչներին կարևոր պաշտոններ են վստահվել, մասնավորապես՝ եվրոպական գործերի նախարարությունում, լուսավորության նախարարությունում և առևտրի ոլորտում: Ե-ի երեք նազիրներ եղել են հայեր՝ Պողոս Յուսուֆյանը, Արթին Չրաքյանը և Առաքել Նուբարյանը: Եթե մինչև XIX դ. սկիզբը հայերը Ե. են եկել հիմնականում վաստակի համար և հետո վերադարձել հայրենիք, ապա Մուհամմեդ Ալիի ժամանակներից նրանք (ինչպես վկայում են արաբական աղբյուրները) կառուցել են տներ և հիմնավորվել հին Կահիրեում: Դեպի Ե. հայերի հոսքին նպաստել է նաև նրանց նկատմամբ իրականացվող կրոնական հանդուրժողական քաղաքականությունը: 1825-ին Ե-ում հիմնվել է հայոց թեմ. առաջնորդ է նշանակվել Կիրակոս Երուսաղեմցի Մնացականյանը: Հայ գաղութում գերագույն իշխանությունն սկսել են ներկայացնել թեմի առաջնորդը և երեք հոգուց կազմված ավագների խորհուրդը: Առաջնորդին նշանակել է Երուսաղեմի հայոց պատրիարքը, հաստատել՝ թուրքական սուլթանը:

1828-ին Կահիրեում բացվել է առաջին հայկական (Եղիազարյան) դպրոցը: Կառուցվել են հիվանդանոց, հյուրանոց, որտեղ խորհրդի են հավաքվել համայնքի ղեկավարները, և հոգետուն, որտեղ ապաստանել են Երուսաղեմ մեկնող ուխաավորները և երբեմն կանգ առել Թուրքիայից, Հնդկաստանից և Արևելքի այլ երկրներից եկող վաճառականները:

XIX դ. առաջին կեսին Ե-ում բուռն զարգացում են ապրել արհեստները: Տեղի հայերը զբաղվել են ոսկերչությամբ, դերձակությամբ, ասեղնագործությամբ, եղել են հմուտ կոշկակարներ, մորթեգործներ, զինագործներ, ունեցել են իրենց արհեստագործական համքարությունները: Կահիրեի Խան ալ Խալիլի շուկայի ոսկերիչների մեծ մասը ծագումով հայ էր. նրանք են կատարել արքունիքի պատվերները: Եգիպտական արքունիքն օգտվել է նաև հայ դերձակների, կոշկակարների, մորթեգործների ծառայություններից: Հայերն աչքի են ընկել նաև շինարարության ասպարեզում: Մուհամմեդ Ալիի օրոք հրավիրված հայ և հույն որմնադիրները, քարտաշները, դարբինները ներգրավվել են եգիպտական քաղաքների շինարարության մեջ: Հայերը որոշակի ներդրում են ունեցել նաև Ե-ի արդյունաբերության զարգացման գործում: 1818-ին Խորոնֆիշում բացվել է մետաքսի արտադրության առաջին ֆաբրիկան,