Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցականներ, հիմնվել է 1715-ին: XIX դ. վերջին Կ. Պոլսում գործել են շուրջ 40 թաղային և 50 մասնավոր դպրոցներ: 1914-ին Կ. Պոլսում եղել է 64 հայկական դպրոց՝ շուրջ 25 հզ. աշակերտներով: Կ. Պոլսում է ձևավորվել ու զարգացել արեմտահայ մանկավարժությունը (Հ. Հինդլյան, Ռ. Պերպերյան, Հ. Ասատուր և ուրիշներ): Կ. Պոլիսը հայ տպագրության խոշոր կենտրոններից էր: Մինչև XIX դ. 2-րդ կեսը տպագրված հայերեն գրքերի և տպարանների (30) թվով Կ. Պոլիսն առաջինն էր հայ իրականության մեջ: Առաջին հայկական տպարանը հիմնվել է 1567-ին՝ Աբգար Թոխաթեցու կողմից: Տարբեր տարիների տպարաններ են հիմնել նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին, Պողոս Արապյանը, Հովհաննես Մյուհենտիսյանը (որի տպարանն ամենակատարյալն էր ողջ Մերձավոր Արեելքում), Ճանիկ Արամյանը (ստեղծած տպագրական տառերը հայտնի են արամյան անունով և օգտագործվում են ցայսօր): Առաջին պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832-ին:

Ներկայումս (2003) Կ. Պոլսում բնակվում է շուրջ 70 հզ. հայ: Գործում է 35 եկեղեցի (մինչև 1915-ը՝ 47), որոնց շուրջ ստեղծվել են թաղային խորհուրդներ, հոգաբարձություններ, խնամակալություններ, վարժարաններ:

Շիշլիի հայկական գերեզմանատանն են թաղված Գ. Սրվանձտյանը, Մ. արք. Օրմանյանը, Գարագաշները, Հ. Թունչը, Պալըգլիի գերեզմանատանը՝ Մ. Մեծարենցը և ուրիշներ: Հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Ակոս» շաբաթաթերթը, պատրիարքարանի «Լրաբեր» տեղեկատուն, «Շողակաթ» պատմաբանասիրական հանդեսը, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի համանուն ամսագիրը: Գործում է «Արաս» հրատարակչատունը (հիմնադիրներ՝ Էդուարդ և Փայլինե Թովմասյաններ, Մկրտիչ Մարկոսյան):

Պոլսահայ ստեղծագործ մտավորականության ժամանակակից ներկայացուցիչներից են բանաստեղծներ Զահրատը, Զարեհ Խրաիտւնին, Վարդ Շիկահերը, Իգնա Սարըասլանը, արձակագիր, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանը, թատերագիր Արման Վարդանյանը, դաշնակահար Սայաթ Զամանը, նկարիչներ Մառլեն Թեքիրդադլյանը, Էրոլ Սարաֆյանը, Քրիստին Սալերը, Հիլտա Ջիվանյանը, Հակոբ Էգոյանը, Քերո Անթոյանը, գծանկարիչ Պերճ Թորոսերը, բառարանագիր և հանրագիտակ Փարս Թուղլաճին (Բարսեղ Թուղլաճյան) և ուրիշներ:

Մարզվանը (Մարսվան, Մարզիֆոն) 1914-ին ունեցել է 10-14 հզ. հայ բնակիչ, որոնք զբաղվել են արհեստներով, առևտրով: Հայտնի էին Մատուռ, Լուսաղբյուր և Խաչին լեռ անունով ուխտավայրերը: Հայերն ունեին երկու եկեղեցի և դպրոցներ («Անատոլիա» քոլեջ, Ազգային ճեմարան, Ս. Սահակյան, Հռիփսիմյան): Գործել է «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը: Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկանի» (1910-12), «Բողբոջ» (1911-14), «Նոր այգ» (1910-14) հայերեն պարբերականները: Վարչականորեն մտել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի Ամասիայի սանջակի մեջ: Մարզվանի հայերը տեղահանվել են 1915-ին. մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: 1920-ական թթ. սկզբին Մարզվանում ապրել է 110 հայ, որոնք հետագայում հեռացել են:

Յոզղատը Անկարայի վիլայեթի հայաշատ քաղաքներից էր, համանուն սանջակի կենտրոնը: Հայերն այստեղ հաստատվել են XVII-XVIII դդ.: 1914-ին ունեցել է շուրջ 12 հզ. հայ բնակիչ (ողջ բնակչության 40 %-ը), որոնք հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով (հայտնի էին մասնավորապես Ասլանյան և Քեստեկյան ընտանիքները, որոնք դուրս էին եկել եվրոպական շուկա): Քաղաքում գործել են Ս. Աստվածածին եկեղեցին, Օհանյան, Վահանյան, Խորենյան դպրոցները (1914-ին՝ 3,1 հզ. աշակերտ): 1915-ին Ցոզղատի և շրջակա 40-ից ավելի հայաբնակ գյուղաքաղաքների, ավանների ու գյուղերի բազմահազար հայությունը տեղահանվել է, մեծ մասը բնաջնջվել: 1918-ին Յոզղատում վերաբնակվել է 260 հայ, որոնք հետագայում հեռացել են:

Նիկոմեդիայում (թուրքերեն՝ Իզնիմիթ, Իզմիթ) հայերը հաստատվել են XIV-XV դդ.: Քոջաելիի (Իզմիրի) անկախ սանջակի կենտրոնն էր: 1914-ին այստեղ բնակվել է ավելի քան 4,6 հզ. հայ (քաղաքի բնակչության 1/3-ը): Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով: XX դ. սկզբին Նիկոմեդիայում գործել են 2 եկեղեցի (Ս. Աստվածածինն առաջնորդանիստ էր), 8 դպրոց, որոնցից Ազգային վարժարանում ստանում էին ոչ միայն միջնակարգ, այլև տեխնիկական կրթություն՝ Կ. Պոլսի ամիրաների ջանքերով քաղաքում հիմնված գործարաններում աշխատելու համար: Տարբեր ժամանակներում այստեղ հրատարակվել են «Սուրհանդակ», «Բյութանիա», «Հայրենասեր», «Երկիր» պարբերականները: Նիկոմեդիայի հայերը 1915-ին տեղահանվել են, նրանց մեծ մասը զոհ-