Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վել է, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

Պարտիզակ (այժմ՝ Բախչեջիկ), զուտ հայաբնակ գյուղաքաղաք Նիկոմեդիայից 20 կմ հարավ: Հիմնադրել են Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը XVI դ.: XX դ. սկզբին ունեցել է մոտ 10 հզ. հայ բնակիչ: Եղել է Կ. Պոլսի հայ մտավորականության ամառանոցը: Մինչև 1912-ը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ քաղաքապետն էր գրող, հասարակական գործիչ Հ. Տեր-Հակոբյանը): Բնակչությունը հիմնականում զբաղվել է ծխախոտագործությամբ, շերամապահությամբ, փայտի ու փայտածուխի արտադրությամբ: Գործել են ինչպես առաքելական (Ս. Թագավոր, Ս. Հակոբ), այնպես էլ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, 8 դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն: Հրատարակվել են «Փարոս» (1910-12), «Պայքար» (1912-14), «Մեղու» (1912-14) և այլ պարբերականներ: 1915-ին Պարտիզակի հայերը Նիկոմեդիայի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի: 1918-ին ջարդից փրկված 3,5 հզ. պարտիզակցի վերահաստատվել է հայրենի գյուղաքաղաքում, 1920-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ կրկին տեղահանվել:

Պարտիզակում են ծնվել Վ. Հացունին, Ա. Ղազիկյանը, Մ. Պոտուրյանը, Թ. Գուշակյանը, Գ. Ալեմշահը, Ե. և Հ. Տեր-Անդրեասյանները:

Ռոդոսթոյի (թուրքերեն՝ Թեքիրդաղ՝ հայերեն Թագավորասարի «Թեքֆյուրդաղ» աղավաղումից) առաջին հայ բնակիչները եղել են XVII դ. սկզբին ջալալիների ասպատակությունների և թուրք-պարսկական ավերիչ պատերազմների հետևանքով (1606-07) Կամախից, Ակնից, Կարինից, Երզնկայից և այլ հայաբնակ վայրերից տեղահանվածները: XIX XX դդ. հայերի թիվը Ռոդոսթոյում 15 հզ. էր (քաղաքի բնակչության գրեթե կեսը): Զբաղվել են առևտրով, արհեստներով, ձկնորսությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ: Եղել են նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ: Առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Հրեշտակապետը, կառուցվել է 1607-ին՝ համայնքի հոգևոր առաջնորդ Գրիգոր Դարանաղցու նախաձեռնությամբ: Թուրքերի կողմից ավերվելուց հետո նույն տեղում կառուցվել է Ս. Հովհաննես եկեղեցին: XIX դ. վերջին - XX դ. սկզբին Ռոդոսթոյում գործել են Ս. Թագավոր, Ս. Խաչ, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց անուններով էլ կոչվել են քաղաքի հայկական թաղամասերը: Ռոդոսթոն թեմի առաջնորդանիստ քաղաք էր, որի հոգևոր ենթակայության տակ էր Մալղարա, Չոռլու, Սիլիվրի քաղաքների հայ բնակչությունը: Գործել են Հովնանյան, Հիսուսյան վարժարանները: Դպրոց են ունեցել նաև հայ բողոքականները: XIX դ. վերջից Ռոդոսթոյում գործել են հասարակական-լոաավորական, բարեգործական, մարմնամարզական, սկաուտական կազմակերպություններ, լսարան֊ընթերցասրահներ: Գործունեություն են ծավալել ՀՀԴ և ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, մշակութային միությունները (անդամներից շատերը մասնակցել են Արևմտյան Հայաստանի ազատագրության համար Կովկասում կազմակերպված հայդուկային շարժումներին, եղել են օսմանյան լծից Մակեդոնիայի ազատագրության համար մարտնչող հայ-բուլղարական ապստամբական զորախմբերում):

Ռոդոսթոյում ներկայացումներով հանդես են եկել Կ. Պոլսից հրավիրված Մ. Մնակյանի, Թ. Ֆասուլաճյանի, Վ. Փափազյանի թատերախմբերը:

1908-ին լույս է տեսել «Կայծեր» խմորատիպ թերթը: 1895-96-ին և հատկապես 1915-ից հետո Ռոդոսթոյի հասարակական կյանքն անկում է ապրել, իսկ 1922-ի զանգվածային բռնագաղթից հետո քաղաքը վերջնականապես հայաթափվել է: Հայերն ապաստան են գտել Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում և այլուր: Ռոդոսթոյում են ծնվել կամ ռոդոսթոցի ծնողների զավակներ են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա, ակադեմիկոս Հ. Աճառյանը, երգահան Բ. Կանաչյանը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), գրողներ Վազգեն Շուշանյանը, Սեդա Սևանը, մի շարք նշանավոր հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ:

Սամսունում (Սամսոն, պատմական՝ Ամիսոս) հնագույն ժամանակներից բնակված հայերը զգալի դեր են խաղացել տեղի առևտրական և արհեստագործական կյանքում: Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), միրգ ևն:


1914-ին Սամսունում բնակվել է ավելի քան 10 հզ. հայ: Ունեցել են 2 եկեղեցի (առաքելական և ավետարանական) և 2 վարժարան: Սամսունը եղել է առաջնորդական թեմի և Ջանիկի անկախ սանջակի վարչական կենտրոնը: Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914): Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանումը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Խերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլյան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում: Մեծ եղեռնի ժամանակ Սամսունի հայերը ենթարկվել են բռնագաղթի և կոտորածների: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

Տրապիզոնում հայերը հաստատվել են VII դարից՝ 1239-ին (մոնղոլական արշավանքների հետևան-