Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանը դադարել են գործելուց: 1920-ի օգոստոսին թեմը ժամանակավորապես միացել է Գանձակի փոխանորդությանը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի սեպտեմբերի 3-ի կոնդակով` Տաշքենդի, Սամարղանդի, Անդիժանի, Կոկանդի, Աշխաբադի, Չարջռուի, Ղըզլ Արվադի, Նոր Բուխարայի, Կրասնովոդսկի և Չաքիչլարի հայկական եկեղեցիները, վանքերը, մատուռներն ու ուխտատեղիները միացվել են Շամախու թեմին և միասնաբար կոչվել Բաքվի և Թուրքեստանի թեմ: 1921-ին Գանձակի փոխանորդությունն առանձնացվել է, և կազմվել համանուն առանձին թեմ: 1922-ին ստեղծվել է Բաքվի և Թուրքեստանի թեմական խորհուրդը, իսկ 1926-ին Շամախիում կարճ ժամանակով գործել է «Շամախի քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու կրոնական համայնք» ընկերությունը: 1927-ին Լենքորանը կրկին միացվել է Բաքվի և Թուրքեստանի թեմին: 1930-ական թթ. Խորհրդային Միությունում եկեղեցու դեմ իշխանությունների վերսկսած հալածական քաղաքականության հետևանքով Ա-ում և Միջին Ասիայում նույնպես ավերվել ու քանդվել են հայկական եկեղեցիները (Բաքվի Ս. Թադեոս և Բարդուղիմեոս, Շամախու Ս. Աստվածածին ևն) աքսորվել և գնդակահարվել են մեծ թվով հոգևորականներ: Հայրենական մեծ պատերազմից (1941-45) հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ձեռնամուխ է եղել Հայ եկեղեցու թեմերի վերակազմավորման և վերաբացման աշխատանքներին: 1945-ին Արցախի ու Գանձակի թեմերը միավորվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին, որտեղ գործել են միայն Բաքվի և Գանձակի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (1945-ից): Թուրքեստանում (Միջին Ասիայում) հայկական գործող եկեղեցիներ չլինելու պատճառով թեմը կոչվել է Ա-ի թեմ, առաջնորդանիստը մնացել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Թեմական խորհրդի հրավերով Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը հովվապետական այցելություններ է կատարել Ա-ի թեմ (1957, 1962, 1969): 1988-90-ին Ա-ի իշխանությունների որդեգրած հայահալած քաղաքականության և շուրջ 350 հզ. հայերի բռնագաղթի պատճառով թեմը դադարել է գործելուց: 1989-ի դեկտեմբերին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրկիզվել է ադրբեջանցի ազգայնամոլների ձեռքով:

Թեմի վերջին առաջնորդն էր Անանիա եպս. Արաբաջյանը (1981-1989-ի դեկտեմբեր):

ԴՊՐՈՑ

Ա-ում առաջին հայկական դպրոցները հիմնվել են եկեղեցիներին ու վանքերին կից կամ նրանց հովանավորությամբ: 1844-ին հիմնվել է Շամախու հոգևոր ճեմարանը, 1860-ին Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով բացվել է Բաքվում առաջին հայկական դպրոցը, 1864-ին՝ մի շարք ծխական դպրոցներ և Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870-ին՝ Մաղրասա գյուղի ծխական մեկդասյան դպրոցը և 1872-ին՝ օրիորդաց ծխական դպրոցը: 1869-ին հիմնվել են Շամախու Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, Բաքվի Մեսրոպյան երկդասյան արական և Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցները, 1894-ին՝ Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցուն կից երկրորդ օրիորդաց դպրոցը: Իգական դպրոցներ են բացվել նաև Վարդաշենում (1876), Ղուբայում (1882), Զաքաթալայում (1893), Նուխիում (1894), Խաչմասում (1895) ևն: 1872-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնապոլսեցու հատուկ կոնդակով հիմնվել է հայկական միջնակարգ հոգևոր ճեմարան: XIX դ. վերջին Բաքվում գործել են 12, 1914-1915 ուսումնական տարում Շամախու թեմում՝ 23 (ծխական), 1930-50-ական թթ. միայն Բաքվում՝ 80 հայկական դպրոցներ: Հետագա տարիներին ագգային կյանքը Ա-ամ անկում է ապրել: Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983-ին:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ա-ի հայության հասարակական-քաղաքական կյանքն առավել աշխույժ էր XIX դ. վերջին տասնամյակներին և XX դ. սկզբին: Կենտրոնացած էր Բաքվում, որտեղ նավթարդյունաբերության արագ գարգացման շնորհիվ ստվարանում էր բանվորության, տեխնիկական մտավորականության թիվը՝ հող ստեղծելով քաղաքական գործունեության