Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նավոր գործիչներ (Հակոբ Բ Նալյան պատրիարք, Սահակ Ահագին Կեղեցի՝ ոչ պաշտոնական Ամենայն հայոց կաթողիկոսը 1756-59-ին, Սամուել Երզնկացի և ուրիշներ):

1741-ին Հակոբ Բ Նալյան պատրիարքը դպրոցը փոխադրել է Գումգափու՝ պատրիարքարանին կից և վերանվանել Մայր դպրատուն: Հրավիրվել են նոր դասատուներ, լրացվել ու հաստատվել է վարժարանի կանոնադրությունը (արգելվել են ֆիզիկական պատիժները, սահմանվել աշակերտների և ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները): Վարժարանի գրադարանը հարստացվել է հին ձեռագրերով ու մասնագիտական գրականությամբ: 1790-ին Միրիճանյան ամիրան Մայր դպրատանը հիմնադրել է տպարան: 1826-ի հրդեհի հետևանքով այրվել են պատրիարքարանը, եկեղեցին ու Մայր դպրատունը: Շենքերը վերակառուցելու արտոնություն է ստացել Պեզճյան Հարություն ամիրան: 1830-ին, շինարարությունն ավարտելուց հետո, վարժարանը վերանվանվել է Պեզճյան մայր վարժարան:

Վերջինս պահպանել և շարունակել է Գումգափուի մայր վարժարանի ավանդույթները: Ունեցել է 3 բաժին՝ աղքատ երեխաների դպրատուն, դպրության վարժոց, երաժշտանոց: Վարժարանին կից բացվել է նաև ընծայարան՝ հոգևորականներ պատրաստելու համար: Վարժարանը մեծ դեր է կատարել տարբեր մասնագիտությունների գծով ուսուցչական կադրեր պատրաստելու գործում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ և եվրոպական ձայնագրության ուսուցմանը: 1840-ին վարժարանին կից բացվել է Լուսավորչական աղջկաց դպրոցը: 1846-ին ստեղծվել է Ընթերցասիրաց ընկերությունը՝ կազմված Պեզճյան մայր վարժարանի շրջանավարտներից: Վարժարանի ուսուցիչների (Հ. Ոսկան, Մ. Աղաթոն, Կ. Ութուճյան և ուրիշներ) ջանքերով ստեղծվել է մատենադարան (շուրջ 1000 ձեռագիր ու մատյան): 1858-59-ի տարեշրջանում վարժարանն ունեցել է 264 աշակերտ, XX դ. սկզբին դարձել է երկսեռ:

Ներկայումս (2003) գործում է միջնակարգ դպրոցի ծրագրով, դասավանդվում են հայոց լեզու և կրոն, մնացած բոլոր առարկաների ուսուցումը թուրքերեն է: Տարբեր ժամանակներում վարժարանում դասավանդել են Ղ. Աբրահամյանը, Գասպար դպիրը, Հ. Թուլյանը, Մ. Չերազը, Հ. Հինդլյանը և ուրիշներ:

Սահակյան-Նունյան վարժարան, երկսեռ վարժարան: Հիմնվել է 1812-ին, Կ. Պոլսի Սամաթիա թաղամասում: Հիմնադիր՝ Անդրանիկ Քեոսետադ: Ունի նախակրթարան և լիցեյի բաժիններ՝ 576 աշակերտով:

Վիեննական Մխիթարյան վարժարան, հայ կաթոլիկ վարժարան: Հիմնվել է 1825-ին, Կ. Պոլսի Բանկալթի թաղամասում՝ Հ. Արիստակես վրդ. Պոհչալյանի նախաձեռնությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ և բարձրագույն բաժիններ: Վարժարանում գործում են գիտական, գրական խմբակներ: Հայերենով են դասավանդվում նաև մաթեմատիկան, մի շարք այլ առարկաներ:

Ներսեսյան վարժարան, երկսեռ երկրորդական վարժարան: Հիմնվել է 1836-ին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում: Ուներ չորս բաժին՝ կրթական պարտեզ (3-5 տարեկան), նախնական ընտելարան (5-7), միջին նախակրթարան (7-9), վերին բաժին (9-14): Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բարոյագիտություն, ճարտասանություն, տրամաբանություն, իմաստասիրություն, կրոն, ազգային և տիեզերական պատմություն ևն: 1856-ին կազմակերպվել է աշակերտական թատրոն, իսկ 1861-ին՝ Գթության ընկերությունը՝ վարժարանի նյութական վիճակը կայունացնելու նպատակով: Դասավանդել են Պ. Սիմոնյանը, Հ. Վարդանյանը, Հ. Եզեկյանը, Թ. Զորայանը (Չելեպի), Ռ. Պերպերյանը, Ա. Զաքյանը և ուրիշներ: Սովորել են Ե. Աղաթոնը, Ռ. և Կ. Պհրպերյանները, Գ. Պեզազյանը, Ե. Տեմիրճիպաշյանը և ուրիշներ: Այժմ գիշերօթիկ է, ունի նախակրթարանի երեք և լրացուցիչ դասարաններ:

Սկյուտարի ճեմարան, հիմնվել է 1838-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Տարեկան ընդունվել է 50 աշակերտ (10-ը՝ անվճար): Առաջին տնօրենը եղել է Հ. Մանվելյանը: Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն: Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, թուրքերենի քերականություն, աշխարհագրություն, պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղագիտություն, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում նաև՝ հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ: Ճեմարանի աշխարհիկ բնույթը դուր չի եկել ամիրաներին ու կրոնական խավի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Շուտով նրանք ոչ միայն հրաժարվել են ճեմարանին նյութական օգնություն ցույց տալուց, այլև դիմել են իրենց բարեկամներին ու համակիրներին՝ երեխաներին ճեմարանից դուրս բերելու պահանջով: 1840-ին Սկյուտարի ճեմարանի ա-