Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուրկ և անապահով ընտանիքների երկսեռ երեխաներ: Ուսուցանվել են հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ընդհանուր և հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ ևն: Բոլոր առարկաները դասավանդվել են ֆրանսերենով: 1926-ին դասվել է լիցեյների շարքը: 1942-ին բարձր դասարանները փակվել են, պահպանվել են մանկապարտեզը և նախակրթարանը: 1955-ին դպրոցն իր գույքով նվիրվել է հայկական համայնքին:

Նոր դպրոց, կրթական հաստատություն: Հիմնվել է 1909-ին, Կ. Պոլսի Բանկալթի թաղամասում՝ Հ. Հինդլյանի և Գ. Մալաթյանի նախաձեռնությամբ: Սկզբնական շրջանում ունեցել է բարձրագույն նախակրթարանի մակարդակ: Գիշերօթիկ և ցերեկային բաժիններում սովորել են միայն տղաներ: 1911-ին գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով: 1930-ին դարձել է նախակրթարան: Ունեցել է մանկապարտեզ: Դասավանդել են Հ. Հինդլյանը, Գ. Մալաթյանը, Զ. Գալֆայանը, Դ. Վարուժանը և ուրիշներ: Դպրոցի ենթակայության տակ էր Հ. Հինդլյան հրատարակչական ֆոնդը: Փակվել է 1988-ին:

Մերամեթճյան վարժարան, երկսեռ վարժարան: Հիմնվել է 1912-ին, Կ. Պոլսի Ֆերիգյուղ թաղամասում: Հիմնադիր՝ Վահան Խուդավերդյան: Ներկայումս ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ (1952-ից) բաժիններ, որոնցում սովորում է 284 աշակերտ: Կարագյոզյան (Գարագյոզյան) որբանոց, երկսեռ գիշերօթիկ նախակրթարան-որբանոց: Հիմնվել է 1913-ին, Կ. Պոլսի Շիշլի արվարձանում՝ Տիգրան Կարագյոզյանի կտակած միջոցներով: Հիմնադիր՝ Մարտիրոս Ենիյորկան: Սովորում են 7-17 տարեկան ծնողազուրկ երեխաներ: Ունի նաև ցերեկային դասընթացներ, որտեղ գիտելիք են ստանում դպրոցին մոտ ապրողները: Գործում է մանկապարտեզ: Ուսուցումը տարվում է 6-ամյակի ծրագրով: Դասավանդվում են հայերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա: Մեծ տեղ է հատկացվում մարմնամարզությանը, արհեստների ուսուցմանը: Սաները զբաղվում են նաև երկրագործությամբ ու անասնապահությամբ: Ունի գրադարան, գեղարվեստական աշխատանոց, արհեստանոցներ, թատերախումբ, երգչախումբ: 1926-ից գործում է Կարագյոզյան սանուց միությունը: Ունի խնամակալ մարմին՝ բաղկացած 8 հոգուց (ընտրվում է 4 տարին մեկ): Ներկայումս (2003) վարժարանն ունի 180 սան, 23 ուսուցիչ:

Սուրբ Խաչ դպրեվանք, բարձրագույն դպրոց՝ լիցեյ: Հիմնվել է 1953-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Հիմնադիր՝ Պետրոս Թյուրապիք: Սկզբնական շրջանում եղել է գիշերօթիկ վարժարան՝ միջնակարգի և լիցեյի (6-ամյա), աստվածաբանական-ընծայարանի (3-ամյա) բաժիններով:

Ներկայումս իր կրթական և դաստիարակչական գործունեությունը շարունակում է որպես լիցեյ՝ երեք դասարաններով, որոնցում սովորում է 107 աշակերտ: Դասավանդվում են հայերեն (շաբաթական 4 ժամ), թուրքերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տարրաբանություն, բնագիտություն: Հրատարակում է «Փունջ» պարբերականը (հայերեն և թուրքերեն): Ունի սանուց միություն:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Թ-ում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային կրթական, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են եղել Համազգյաց, Ուսումնական, Արշարունյաց, Բարեգործական, Մեսրոպյան, Ասիական, Արարատյան, Կիլիկյան, Դպրոցասիրաց-Արևելյան (1880-ից՝ Միացյալ ընկերություն հայոց), Ազգանվեր հայուհյաց, Դպրոցասեր տիկնանց ընկերությունները, Իզմիրյանց մրցանակի հանձնախումբը, Սանասարյանի խնամակալությունը, թատերասերների, երաժշտասերների, գրասերների, մարմնամարզական միությունները:

XIX դ. վերջին - XX դ. սկզբին Կ. Պոըտւմ գործել են նաև հայ ազգային կուսակցությունները, որոնք ջանքեր են գործադրել եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և