Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար: Բաքվում գործում էին սոցիալ-դեմոկրատական, կադետական, էսէռների, կոմունիստական (բոլշևիկյան) և այլ կուսակցություններ, որոնց շարքերում, նաև ղեկավար մարմիններում, զգալի թվով հայեր են եղել: Նշված կուսակցություններն առաջնորդվում էին ընդհանար համառուսական կանոնադրությամբ, որը հեռու էր ազգային խնդիրներից:

Ա-ում առաջնակարգ դեր են խաղացել բոլշևիկյան կուսակցության հայ ականավոր ներկայացուցիչներ Ստեփան Շահումյանը (1918-ի Բաքվի կոմունայի նախագահ), Սուրեն Սպանդարյանը, Բոգդան Կնունյանցը, Անաստաս Միկոյանը և ուրիշներ: ՀՀԴ-ն և ՍԴՀԿ-ն իրենց շարքերում ունեին աչքի ընկնող գործիչներ, որոնք XX դ. սկզբին նշանակալի դեր են խաղացել ինչպես Բաքվի, այնպես էլ Ա-ի հայության կյանքում: Մինչև Բաքվում Հայոց ազգային խորհրդի ստեղծումը հայության ազգային կյանքն այլ հասարակական կազմակերպությունների հետ տնօրինել է Հայոց ագգային բյուրոյի ներկայացուցչությունը:

Մարդասիրական ընկերություն, Մարդասիրական ընկերություն հանուն Ս. Գրիգոր Լուսավորչին Հայաստանի, Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն, հայկական բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է 1864-ի մայիսի 21-ին, Բաքվում` բժշկապետ Դ. Ռոստոմյանի (եղել է առաջին նախագահը), Մ. Զոհրապյանցի և տեղի այլ ազդեցիկ հայերի նախաձեռնությամբ` լուսավորական, մշակութային և բարեսիրական գործունեություն ծավալելու նպատակով: Ըստ հաստատված կանոնադրության` ունեցել է հիմնադիր, պատվավոր, անփոփոխ և տարեկան անդամներ: Ղեկավարել են հիմնադիր անդամները, խորհուրդը (3 տարի ժամկետով ընտրված նախագահը և 8 անդամները), ընդհանուր ժողովը: Ընկերությունն իրավունք է ունեցել գործելու Ռուսական կայսրության հայաբնակ վայրերում: Հաշվետու է եղել Կովկասի փոխարքային և Բաքվի նահանգապետին: Մինչև 1875-ը գործունեություն է ծավալել հիմնականում Բաքվում: Նյութական օգնություն է ցույց տվել հայ մտավորականությանը, ուսանողներին, աշակերտներին, այրիներին, որբերին, գաղթականներին: Կազմակերպել է համաճարակների դեմ պայքարի սանիտարական խմբեր, բացել հիվանդանոցներ, ճաշարաններ, կար ու ձևի դասընթացներ: 1870-ին հիմնել է «Արոր» տպարանը, թանգարան, որտեղ հավաքել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ: 1870-ին բացել է հանրային գրադարան, 1880-ին` կից ընթերցարան: Գրադարանից և ընթերցարանից օգտվել են Բաքվի աշխատավորները (մոտ 32700 մարդ): 1914-ին գրադարանն ունեցել է 21800 գիրք, ստացել է 68 անուն պարբերական (1920-ից հետո գրադարանը վերանվանվել է Հանրապետական հանրային գրադարանի, որի հայկական բաժինը դադարել է գործելուց 1960-ական թթ.): 1894-ին ստեղծվել է գրական ֆոնդ: Մարդասիրական ընկերությունը մասնակցել է Բաքվի հասարակական քաղաքական կյանքին, ներկայացուցիչ ունեցել քաղաքային խորհրդում: Կառուցել է դպրոցներ, դրանք ապահովել գույքով և դասագրքերով: Օժանդակել է հայ ուսուցիչներին` ուսուցչական ցենզ ստանալու գործում: Նյութական օգնություն է ցույց տվել Ղուբայի, Գանձակի, Նուխիի, Շամախու գավառների հայկական դպրոցներին, հրդեհից տուժած Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Զեյթունի հայերին ևն: 1899-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ի. Լ. Գորեմիկինը հաստատել է ընկերության նոր կանոնադրությունը (ունեցել է 500 անդամ), որով այն զրկվում էր մշակութային և ուսումնական գործունեության իրավունքից: Այդ պատճառով ընկերությունն իր գումարների մի մասը նվիրաբերել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Շուշիի հայոց հոգևոր դպրոցին և Բաքվի քաղաքային ինքնավարությանը: Այդ տարիներին բացվել և մինչև 1920-ը գործել են բարեգործական հիմնարկներ` աշխատանքի տուն, մսուր, որբանոց, ճաշարան, լվացքատուն, խոհարարական դասընթացներ, կառուցվել տներ, որտեղ անվճար կամ մատչելի վճարով բնակվել են աղքատ ընտանիքներ (մոտ 200 հոգի): Ընկերությունը նյութական օգնություն է ցույց տվել 1902-ին Շամախու երկրաշարժից և 1904-ին ու 1910-ին Բաքվում խոլերայի համաճարակից տուժած բնակիչներին, 1908-11-ին Բաքվից Արևմտյան Հայաստան վերադարձող գաղթականներին: 1900-17-ին գործել է ընկերության թատրոնը` 420-տեղանոց դահլիճով: 1913-ի հոկտեմբերին ցարական իշխանությունները վերականգնել են ընկերության մշակութային և ուսումնական գործունեության իրավունքը: 1914-ին Մարդասիրական ընկերությունը մասնաճյուղ է