Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զարգացման ամենաազդու միջոցը նախ Իրանի, իսկ 554-ի Դվինի եկեղեցական ժողովից հետո՝ նաև Բյուզանդիայի մշակութային և քաղաքական հարձակողական քաղաքականության դեմ։ Իր ազգապաշտպան այդ դերը Հայ եկեղեցին շարունակեց կատարել նաև հետագա ժամանակներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետականության բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, հանդիսանալով ազգը համախմբող հիմնական միջոց, իր հերթին, անհրաժեշտության դեպքում դիմում էր ամենակոշտ միջոցների՝ կրոնական հողի վրա ժողովրդի պառակտումը կանխելու համար։ Դրա օրինակներից էր Հայաստանում առաջացած և եկեղեցու պաշտոնական վարդապետությանը հակադրվող Պավլիկյան, իսկ այնուհետև Թոնդրակյան աղանդավորական շարժման հետևորդների հետապնդումներն ու վտարումը երկրից VIII–XI դդ․։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ սելջուկ թուրքերի քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ եղան սեփական պետության ստեղծմանը։ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, թուրքերը սկսեցին հետևողականորեն իրականացնել տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ ևն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475-ին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ XVI–XVII դդ․ Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

1826–29-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 հզ․) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։

Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894–1896-ին կազմակերպեցին շուրջ 300 հզ․ հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։

Դարերի ընթացքում հայերի շարունակական արտագաղթը հայրենիքից կանխորոշել է նրանց աշխարհընկալման և կենսափիլիսոփայության այնպիսի առանձնահատուկ բնութագրի ձևավորումը, երբ այլ երկրներում ապրելը սկսել է դիտվել որպես ճակատագրով նախասահմանված, անխուսափելի մի երևույթ։ Դրա հետ մեկտեղ, շարունակ ապրելով օտար երկրներում, նրանցում ձևավորվել են ինչպես այլ հասարակություններին և մշակույթներին հարմարվելու, այնպես էլ իրենց ազգամշակութային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ունակություններ ու ավանդույթներ։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ ևն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում ու կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոնստանդնուպոլիսը և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։

Այդ ժամանակաշրջանում հայ գաղթաշխարհի ամենակարևոր բնութագրերից էին․ ա) չնայած հայրենիքից հայերի մշտական և զանգվածային արտագաղթին՝ նրանց բացարձակ մեծամասնության կենսագործունեությունը, այնուամենայնիվ, ընթանում էր իրենց ազգային տարածքներում՝ Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և Արևելյան Հայաստանում, բ) եզակի դեպքերում է, որ հայերը բռնի գաղթեցվում էին հայրենիքից, գ) երկրից արտագաղթածները և նրանց հետնորդները