Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացել Շամախիում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) ընկերությունը հավաքագրել է կամավորներ, վիրավորների համար բացել ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ֆելդշերական կետեր, դրանք ապահովել բժշկական անձնակազմով և գույքով: 1914-ի հոկտեմբերին ընկերությանը կից ստեղծվել է հայ կանանց կոմիտե, 1915-ին` գաղթականական կոմիտե: Գաղթականների համար բացվել է հիվանդանոց, որբանոց, տրամադրվել անվճար կացարան, սնունդ և հագուստեղեն: 1918-ին ընկերությունը կապ է հաստատել Բաքվի կոմունայի ղեկավարների (Ս. Շահումյան, Պ. Ջափարիձե) հետ, մասնակցել թուրքական բանակի դեմ Բաքվի պաշտպանությանը: Ա-ում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, 1920-ի մայիսին, ընկերությունը դադարել է գործելուց:

Բաքվի Հայոց կուլտուրական միություն, հասարակական կազմակերպություն: Հիմնադրվել է 1906- ին՝ հասարակական-քաղաքական գործիչ Կ. Խատիսյանի ջանթերով, որը և եղել է միության առաջին նախագահը: Նպատակն էր ընդարձակել հանրակրթական և մասնագիտական դպրոցների ցանցը, նպաստել ինքնուրույն և թարգմանական գրականության հրատարակությանը, հայոց լեզվի, բեմական գործի, երաժշտության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը: Միությունը կազմակերպել է համերգներ, ներկայացումներ, ստեղծել երգչախմբեր, թատերախմբեր, նպաստել Բաքվի հայկական թատրոնի գործունեությանը: Գեղարվեստական հանձնախմբի նախաձեռնությամբ Մայիլյանների մեծ թատրոնում Անդրկովկասում առաջին անգամ բեմադրվել է (1912) Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան: Միությունը դադարել է գործելուց 1918-ին՝ թուրք հրոսակների Բաքու ներխուժելուց հետո:

Բաքվի Հայոց ազգային խորհուրդ. ստեղծվել է 1917-ի վերջին: Կարևոր դեր է խաղացել Ա-ի հայության հասարակական-քաղաքական կյանքում, փաստորեն իրականացրել է պետական, քաղաքական գործառույթներ: Խորհուրդը մասնաճյուղեր (գյուղացիական, գավառական կոմիտեներ) ուներ Շամախու, Գյոքչայի, Նուխիի, Արեշի շրջաններում, որոնք լուծում էին տեղական խնդիրներ: Ընդհանուր ժողովում ընտրվում էր խորհրդի վարչություն, որր և իր կազմից ընտրում էր նախագահ: 1917-ից մինչև 1918-ի ապրիլը Ազգային խորհուրդն իր տրամադրության տակ ունեցել է զորամիավորումներ, որոնք բաղկացած էին մեծ մասամբ ռուսական բանակի հայազգի կադրային սպաներից ու զինվորներից: 1918-ի ապրիլին այդ զորամիավորումներն անցել են Բաքվի կոմունայի ենթակայությանը, միացվել կոմունայի բանակին և 1918-ի մայիս-սեպտեմբերին վճռորոշ դեր խաղացել թուրքական արշավանքին դիմագրավելու գործում:

Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, Անդրկովկասյան սեյմը, ապա Բաքվի կոմունայի ղեկավարությունը Ա-ի հայությանը վերաբերող բոլոր հարցերը լուծամ էին Բաքվի Հայոց ազգային խորհրդի միջոցով ու համաձայնությամբ: Բաքուն պաշարած թուրք-գերմանական զինվորական հրամանատարությունը քաղաքը հանձնելու վերջնագրով դիմել էր Հայոց ազգային խորհրդին: 1918-ի սեպտեմբերի 15-ին, Բաքուն թուրքերի կողմից գրավվելուց հետո, խորհուրդը կարճ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը և վերսկսել անգլիական զորքը Բաքու մտնելուց հետո (1918-ի դեկտեմբեր)՝ իրականացնելով նախկին գործառույթները: Խորհրդի ջանքերն ուղղված են եղել Բաքվի հայ աղետյալների վիճակը թեթևացնելու, փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու, հայ ռազմագերիներին ու պատանդներին փրկելու, հիվանդներին, որբերին, վիրավորներին խնամելու և այդ նպատակով դրամական միջոցներ հայթայթելու գործին: Աղետյալների, գերիների իրավունքների պաշտպանությամբ Ազգային խորհուրդը դիմումներ է հղել հասարակական, պետական, զինվորական մարմիններին: Այդ ժամանակաշրջանում Ազգային խորհրդի պատվավոր նախագահն էր Շամախու թեմի առաջնորդ Բագրատ արք. Վարդազարյանը: 1918-ի վերջին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դիմել է Ազգային խորհրդին` կառավարության կազմում ու խորհրդարանում համատեղ աշխատելու առաջարկությամբ: Խորհուրդն սկզբում մերժել է այդ առաջարկը՝ չարագործների հետ չհամագործակցելու պատճառաբանությամբ, սակայն անգլիացիների խորհրդով ընդունել է: Ազգային խորհուրդը 1918-ի հոկտեմբերին, կառավարությունից գաղտնի, խորհրդի անդամ տնտեսագետ Բախշի Իշխանյանի միջոցով տվյալներ է հավաքել Բաքվի հայ բնակչության ֆիզիկական ու նյութական կորուստների մասին: Անտանտի երկրների Բաքվում ներկայացուցիչ անգլիական զինվորական իշխանությունների կարգադրությամբ ստեղծվել է պաշտոնական հանձնաժողով, որի հաշվարկների համաձայն՝ թուրքական արշավանքի հետևանքով Բաքվի հայ խաղաղ բնակչության մարդկային կորուստները կազմել են 30 հզ., նյութական կորուստները (ոչ լրիվ հաշվարկներով)՝ 453,2 մլն ռուբլի (1914-ի գներով): Բաքվի Հայոց ազգային խորհրդի ամբողջ գործունեությունը, կառավարության և խորհրդարանի անդամներ նշանակելու նրա իրավասությունը, Ա-ի հայության տնտեսական, մշա-