Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհիկ բնակչությունը շուրջ 1000 ընտանիք էր: Հավանաբար այդ ժամանակաշրջանում է հայ միաբանության տնօրինությանն անցել Երուսաղեմի հարավարևմտյան մասում` Սիոն լեռան բարձունքում գտնվող և դեռևս V դարից գործող Ս. Հակոբյանց մայր տաճարը: Եվրոպական աղբյուրներում կան հիշատակություններ, որ հայերը բնակվել են նաև Պաղեստինի այլ քաղաքներում` Ակկայում, Բեթղեհեմում, Սալթում, Գազայում, Նաբլուսում ևն: 1187-ին, երբ Սալահէդդինը գրավել է Երուսաղեմը, հայերը չեն տուժել: Մահմեդական տիրակալը հայերին համարել է վստահելի քաղաքացիներ և նրանց տվել առավել առանձնաշնորհումներ` ի տարբերություն Արևմտյան Եվրոպայից եկած մյուս քրիստոնյա համայնքների:

Հայերի թիվը Երուսաղեմում նվազել է օսմանյան տիրապետության հաստատումից (1517) հետո: Պատմիչ Սիմեոն Լեհացին վկայում է, որ 1615-ին Երուսաղեմում եղել է 12 հայ ընտանիք: XIX դ. հայ համայնքը սկսել է ստվարանալ: 1800-ին Երուսաղեմում բնակվել է 500, 1850-ին` 550, իսկ 1870-ին` 640 հայ: Պաղեստինի հայ համայնքը դարձյալ համալրվել է 1894-1896-ին և 1909-ին Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերից փրկված հայերով: 1910-ին Երուսաղեմում ապրել է շուրջ 1300 հայ: Մեծ եղեռնից և 1918-ին երկրամասը մանդատի տակ անցնելուց հետո Երուսաղեմում ապաստան է գտել ավելի քան 10 հզ. հայ: Նրանց մի մասին առաջին անգամ թույլ է տրվել մշտական բնակություն հաստատել հայկական միաբանության կենտրոն Ս. Հակոբյանց վանքի պարիսպներից ներս` հայոց պատրիարքարանի պաշտպանության ներքո: 1920-ին Պաղեստինի տարածքում հայերկ թիվն արդեն հասել է մոտ 20 հզ.-ի: 1922-ին ՀԲԸՄ հովանավորությամբ Երուսաղեմ են բերվել 1000 հայ որբեր, որոնց մի մասը 1924-ին ներգաղթել է Հայաստան: Պաղեստինից զգալի թվով հայեր են ներգաղթել Հայաստան նաև 1947-ին:

1948-1949-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Պաղեստինի տարածքը բաժանվել է նորաստեղծ Իսրայելի պետության և Հորդանանի միջև: Երուսաղեմի, Յաֆայի և Հայֆայի մինչ այդ բարգավաճ հայ գաղութները նոսրացել են. շատ հայեր հեռացել են Եվրոպա, ԱՄՆ և Մերձավոր Արևելքի այլ երկրներ:

Ներկայումս (2003) Իսրայելում և 1967-ին Հորդանանից նրա գրաված տարածքներում բնակվում է շուրջ 3 հզ. հայ, հիմնականում` Հին (արևելյան) Երուսաղեմի հայկական թաղամասում, շուրջ 700-ը` Ս. Հակոբյանց վանքի պարիսպներից ներս գտնվող տարածքում: Միայն 600-ը ունի Իսրայելի քաղաքացիություն: Զգալի թիվ են կազմում արհեստավորները (դերձակ, ժամագործ, ոսկերիչ), լուսանկարիչները, հախճապակեգործները, մտավորականները, բժիշկները, իրավաբանները, առևտրականները և ձեռնարկատերերը: Գործում են եկեղեցիներ, դպրոցներ, հասարակական, մշակութային կազմակերպություններ, լույս են տեսնում «Սիոն» և «ՀԵՄ եռամսյա» պարբերականները: Վերջին տարիներին (1990-ական թթ. սկսած) Իսրայելի տարբեր քաղաքներում հաստատվել են նաև շուրջ 13 հզ. հայաստանցիներ: