Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեհրանում առաջին հայ կանանց կազմակերպությունը՝ Հայուհիների ընկերությունը: 1878-ից սկսել է գործել հայկական թատրոնը, 1881-ին հիմնվել է Հայ թատերասիրաց միությունը, 1891-ին՝ Թեհրանի ազգային ոաումնասիրաց ընկերությունը: Ցայսօր Թեհրանում հրատարակվել է 50 անուն պարբերական: 1936-ին իրանական իշխանությունները փակել են բոլոր ազգային, այդ թվում՝ հայկական դպրոցները, որոնք վերաբացվել են 1942-43-ին: Քաղաքում կան 8 եկեղեցի, 25 հայկական դպրոց, 3 մանկապարտեզ և 3 մանկամսուր: Գործում են Հայ կին Թեհրանի (1939), Հայ համալսարանականների ընդհանուր միություն (1943), Արարատ (1944), Հայ ակումբ (1954), ՀԲԸՄ մասնաճյուղը, Իրանահայ գրողների միություն (1962), Նոր էջականներ (1969), Իրանահայ ազգային և մշակութային միություն (1979), Րաֆֆի համալիր, Հայ ճարտարապետների միություն և այլ կազմակերպություններ ու միություններ: Գործում են նաև «Ավետիսյան» և «Գրիգորիս» բուժարանները: XIX դ. սկզբին Ղարաղանի, Քյազազի և այլ շրջաններից տեղափոխված հայերը Թեհրանի շրջակայքում հիմնել են Վանագ, Խարթուն, Գարուս և Մանսուրաբադ գյուղերը, որոնք 1935-ին Թեհրանի Ս. Մինաս եկեղեցին ունեցել են 367, իսկ 1960-ական թթ.՝ շուրջ 500 բնակիչ: Ժամանակի ընթացքում Վանագը ներառվել է Թեհրանի շրջագծի մեջ:

Աբադանի հայ համայնքը սկզբնավորվել է 1909-ին, երբ Անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության են անցել Չհարմահալում, Նոր Ջուղայում, Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին նրանց են միացել Արեմտյան Հայաստանից, մասնավորապես Վանից գաղթածները: Հայերի թիվն աճել է նաև հետագայում՝ 1923-ին կազմելով 400, 1928-ին՝ 610, 1938-ին՝ 2 հզ., 1969-ին՝ 5 հզ.: Հետագա տարիներին նրանց թիվը նվազել է, և համայնքն անկում է ապրել: Հայերը հիմնականում զբաղված էին նավթարդյունաբերության և առևտրի ոլորտներում: Համայնքն ուներ եկեղեցի (Ս. Կարապետ), վարժարան, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբ: Աբադանում տարբեր տարիների լույս է տեսել 3 անուն պարբերաթերթ (մեքենագիր): Իրանա-իրաքյան պատերազմից (1980-88) հետո տեղի հայերը տեղափոխվել են Ի-ի մյուս քաղաքներ և արտասահմանյան երկրներ: Մինչև իրանա-իրաքյան պատերազմը զգալի թվով հայեր են բնակվել նաև Խուզեստանի նահանգի Ահվազ (1980-ին՝ 2 հզ. հայ), Աղաջարի, Խորամշահը և Մասջեդ-Սոլեյման քաղաքներում: Նրանց գերակշիռ մեծամասնությունը 1980-ական թթ. հարկադրված հեռացել է Թեհրան և այլ քաղաքներ կամ լքել երկիրը:

Արաքը (նախկին՝ Սուլթանաբադ) XIX դ. սկզբին հիմնել է տեղի զորակայանի կայազորի հրամանատար հայազգի Հովսեփ խանը: Հայերն այստեղ հաստատվել են 1902-03-ին: Ժամանակի ընթացքում հիմնել են գորգագործական ֆաբրիկաներ և առևտրական տներ: 1980-ական թթ. Արաքում բնակվել է 150 հայ ընտանիք: Արաքին են ենթարկվում Բուրվարի, Գյափլա, Քյազազ և Քյամարա գավառակները:

Բուրվարիում (Բորբորուդ) հայերը հաստատվել են XVII դ. սկզբին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: XVII դ. 2-րդ կեսին այստեղ հայաբնակ էին շուրջ 3 տասնյակ գյուղեր, որոնք XVIII դ. անկում են ապրել Ի-ում ծայր առած գահակալական կռիվների, օտարերկրյա ներխուժումների, անիշխանության և տնտեսական քայքայման պատճառով: 1856-ին Բուրվարիում մնացել էին ընդամենը 9 հայաբնակ գյուղեր: Սակայն XIX դ. 2-րդ կեսից հայերի թիվը սկսել է աճել, և արդեն 1903-ին Բուրվարիում կային 2 տասնյակ գյուղեր՝ ավելի քան 4 հզ. բնակչով: 1946-ին Բուրվարիի հայերի թիվը հասել է 6320-ի՝ տեղաբաշխված 23 բնակավայրերում. Աբբարիք, Ազնա, Անավշ, Բահմանաբադ, Բարգյալա, Բուրգ (Բոռք), Գայիքան, Գովզ, Գուրան, Դարիչա, Դեհնով, Խորզենդ, Հընդա, Ղարաքյահրիզ, Մուղանակ, Նասրաբադ, Շավրավա, Ջանխոշ, Սանգսֆիղ, Վերին Չարբազ, Փահրա, Քոնսոր (Քուհսոր), Ֆարաջաբաղ: 1946-ին տեղի հայերի մի մասը (1984 մարդ) ներգաղթել է հայրենիք, իսկ հիմնական հատվածը տեղափոխվել է Թեհրան և Ի-ի այլ քաղաքներ: 1969-ին սակավաթիվ հայկական ընտանիքներ կային միայն Խորզենդ և Ֆա-