Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րան (689) գյուղերում: 1942-ին հայերը Նամակերտ գյուղում հիմնել են գավառի առաջին հիվանդանոցը: Զգալի թվով հայեր են ապրել նաև Փերիայի Քյարվանդ գավառակի Դովլաթաբադ (721) և Վերին Քրդեր (625) գյուղերում (XVII դ. դրանց թիվը 7-ն էր): 1946-ին Փերիայից շուրջ 2400 մարդ, իսկ Քյարվանդից՝ ողջ հայ բնակչությունը ներգաղթել են հայրենիք: Ներգաղթը շարունակվել է նաև 1960 70-ական թթ., թեև մինչև 1980-ական թթ. սկիզբը Փերիան մնացել է Ի-ի հայաշատ շրջաններից մեկը (1965-ին՝ գավառի 17 գյուղերում ապրում էին 12365, իսկ 1967-ին՝ 10288 հայ): 1979-ի իսլամական հեղափոխությունից հեաո ստեղծված տնտեսական և քաղաքական իրավիճակի հետևանքով գավառը հայաթափվհլ է: Ներկայումս 24 գյուղից մնացել է միայն Բոլորանը՝ իր մի քանի հայ ընտանիքներով:


ԵԿԵՂԵՑԻ

Իրանահայ համայնքի ներքին խնդիրների կարգավորումը հիմնված է կրոնաեկեղեցական ինքնավարության վրա: Մինչև XX դ. կեսը Ի-ում եղել է երկու թհմ՝ Ատրպատականի և Իրանա-Հնդկաստանի (նախկինում՝ Նոր Ջուղայի): 1945-ին կազմավորվել է Թեհրանի թեմը: Հայոց թեմերը ղեկավարել են թեմակալ առաջնորդները, XX դ. սկզբին մշակվել և ընդունվել են թեմական կանոնադրություններ, որոնք սահմանափակել են առաջնորդների իշխանությունը: Ներկայումս համայնքի թեմերն իրենց գործունեությունն իրականացնում են Հայ առաքելական եկեղեցու կանոնների ու ավանդույթների, ինչպես նաև իրենց կանոնադրությունների հիման վրա գործող վարչական մարմինների որոշումների համաձայն:

Մինչև XX դ. սկզբի Ի-ի Սահմանադրության ընդունումը հայերը ճանաչվել են որպես ազգային փոքրամասնություն, նրանց իրավունքները պահպանվել են պարսից շահերի և այլ իշխողների հրովարտակներով:

Սահմանադրության ընդունումից հետո հայերն ազգային մյուս փոքրամասնությունների նման հռչակվել են կրոնական փոքրամասնություն, իսկ նրանց իրավունքներն զգալիորեն սահմանափակվել են. նրանք չէին կարող զբաղեցնել պետական, զինվորական, ոստիկանական և այլ բարձր պաշտոններ, ընտրվել դատավորներ ևն: Հետագայում ամուսնության, ապահարզանի և ժառանգության հարցերը նույնպես հանձնվել են պետական ատյանների իրավասությանը: Վաղուց ի վեր իրանահայ թեմերը պետության կողմից դիտվել են որպես ազգային-կրոնական հաստատություններ, սակայն միայն 1967-ին են դրանք պաշտոնապես ճանաչվել որպես կրոնամշակութային, բարեգործական ընկերություններ և իրավական մարմիններ:

Թեմական խորհուրդները կարգավորում են միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ներքին կյանքը:

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Ի-ում ներկայումս ունի երեք թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի:

Ատրպատականի թեմն իրանահայության հնագույն թեմն է: Նրա մասին հիշատակություն կա դեռևս XII դարից: Մինչև 1833-ը թեմի կենտրոնը եղել է Արտազի (այժմ՝ Մակու) Ս. Թադեի վանքը (VI-IX դդ.), այնուհետև թեմի առաջնորդ Նիկողայոս եպս. Կարբեցին այն տեղափոխել է Թավրիզ՝ առաջնորդանիստ դարձնելով տեղի Ս. Աստվածածին եկեղեցին: Մինչև 1956-ը Ատրպատականի թեմը ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Թեմի վարչական սահմաններն ընդգրկում են Ատրպատականի տարածքը (Ի-ի Արևելյան և Արևմտյան Աղրբհջան նահանգները): XX դ. սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30 հզ. հայ, հետագայում հայրենադարձության և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թթ. սկզբին հասել 17 հզ-ի: