Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կազիմեժ Մեծի՝ Հայ եկեղեցուն շնորհած 1367-ի արտոնագիրը հայերին, որոնք, զբաղվելով տարանցիկ ու ներքին առևտրով և արհեստներով, քաղաքային (մեշչանական) դասում նկատելի ուժ էին ներկայացնում, ունեին իրենց եկեղեցիներն ու արքեպիսկոպոսարանը Լուցկում: Բարձր գնահատելով հայերի ունակություններն ու աշխատասիրությունը, շինարար ու խաղաղ բնույթը՝ Կազիմեժ Մեծը նրանց ոչ միայն արտոնում է անսահմանափակ թվով եկեղեցիներ, վանքեր, առանձնատներ, հասարակական շինություններ կառուցել, ձեռք բերել ագարակներ ու խանութներ, հիմնել համքարություններ, այլև 1356-ին, ազգային օրենսդրություն ունենալու իրավունքով, ինքնավարություն է տալիս Լվովի ու Կամենեց-Պոդոլսկի հայերին, իսկ 1367-ին պաշտոնականացնում է հայ արքեպիսկոպոսարանը և 800 հայկական տուն ունեցող Լուցկից տեղափոխում արքունի քաղաք հռչակած հայաշատ Լվով (XVI դ. սկզբին ավելի քան 1000 հայկական տուն): Կազիմեժ Մեծի՝ հայերին շնորհած ինքնավարությունը լեհական օրենսդրության պատմության մեջ հայտնի է «Կազիմեժ Մեծի հայկական կարգավիճակ» անունով:

XVI-XVII դդ. լեհ մագնատներն իրենց քաղաքներում առևտուրն ու արհեստները զարգացնելու նպատակով հիմնականում հայերի են բնակության հրավիրում: 1585-ին թագավորական Մեծ կանցլեր Յան Զամոյսկին հայերին հրավիրում է նոր հիմնադրվող իր հայրենի Զամոշչ քաղաքը (1691-ին ավելի քան 2 հզ. հայ կար), նրանց 20 տարով ազատում է բոլոր հարկերից և շնորհում ինքնավարության իրավունք ու այլ արտոնություններ: Լեհ մագնատ Յան Եժի Ռոդձիվիլլը հայերին արտոնյալ պայմաններով բնակության է հրավիրում Յազլովեց (1578-ին 247 հայկական տուն կար), Սլուցկ, Նեսվեժի: 1628-ին Զիգմունդ III լեհ թագավորը հայերին բնակության է հրավիրում Սնյատին քաղաք (1782-ին 500-ից ավելի հայ կար): Լեհ մագնատ Անջեյ Պոտոցկին 1662-ին Մոլդովայի և Հունգարիայի հայությանը բնակության է հրավիրում Ստանիսլավով և տալիս ինքնավարության իրավունք (70 հայկական տուն կար): Մագնատներ Դոմինիկ, Յուզեֆ և Ֆրանցիշեկ Պոտոցկիները 1679-ին հայերին բնակության են հրավիրում Տիսմենիցա, Բրոդի, Մոգիլյով-Պոդոլսկ և Կութի քաղաքներ, տալիս ինքնավարության իրավունք ու լայն արտոնություններ: Կութիում 1765-ին կար 100 հայկական տուն, 1828-ին՝ 175, 1860-ին 6400 բնակիչների մեծամասնությունը հայ էր: XVI դ. հայկական նոր համայնքներ են ստեղծվել նաև Լյուբլինում, Կուբաչիվցիում, Յարոսլավում, XVII դ.՝ Զլոչովում, Ժվանեցում, Ստուդենիցայում, Լըսիեցում, XVIII դ.՝ Բժեժանիում, Հորոդենկայում, Բալտայում, Օբերտինում, Ռաշկովում և Լ-ի այլ բնակավայրերում: XIV-XIX դդ. հայերը հաստատվել են նաև Կրակովում, Պոզնանում, Վարշավայում, Պլոցկում, Գդանսկում, Վրոցլավում, սակայն տեղի հայ համայնքների փոքրաթիվ լինելու պատճառով ինքնավար մարմինների ստեղծման և ազգային եկեղեցիների կառուցման անհրաժեշտություն չի եղել:

Ինչպես արքունի (Լվով, Կամենեց-Պոդոլսկ), այնպես էլ մագնատական քաղաքներում լեհահայերն ունեցել են իրենց թաղամասն ու Հայկական գլխավոր փողոցը, որը սովորաբար գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ սկիզբ առնելով կենտրոնական հրապարակից: Նրանց է պատկանել ձուլածո ջրմուղ ու կոյուղի ունեցող Հայկական ու հարակից փողոցների և հրապարակի վրա կառուցված եռահարկ ու քառահարկ շքեղ առանձնատները: Հայերն ունեին նաև ժողովարաններ, առևտրական տներ, հիվանդանոցներ, հասարակական բաղնիքներ, խանութներ ու պահեստներ, իսկ քաղաքից դուրս՝ ջրավազաններով ու հարուստ այգիներով ագարակներ: Հայ ազգային ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցիներն ու վանքերը, հայկական զարդանախշային մոտիվներով հարուստ աշխարհիկ շքեղ կառույցները լեհական քաղաքներում յուրահատուկ կոլորիտ էին ստեղծում՝ առանձնանալով գոթիկայի ու Հայկական գորգերի հավաքածու Վարշավայի թանգարանում